ԱՄՆ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ. ԲԼԻՆՔԵՆ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
«Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում լարվածությունը: Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը և օգնում հասնել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բլինքենը և Չավուշօղլուն անդրադարձել են նաև Ուկրաինայում զարգացումներին: Պետքարտուղարը ողջունել է Սև ծովով ուկրաինական հացահատիկի մատակարարումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ Թուրքիայի դիվանագիտական ջանքերը:
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՈՒՄ. ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հայտարարել է, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև համակողմանի խաղաղության պայմանագրի կնքմանը հնարավոր է հասնել սեղմ ժամկետներում»: Նա նշել է, որ Անկարան «քայլեր է ձեռնարկել» Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացիկ գործընթացներին «աջակցելու» համար:
Էրդողանը նաև համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը տարածաշրջանի բոլոր երկրների համար կարևոր իրադարձություն կդառնա:
ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ՆՅՈՒ ՅՈՐՔ
Ռուսաստանի արտգործնախարարը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին: Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ սեպտեմբերի 22-ին Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ:
Նա հավելել է, որ նախատեսված է նաև Աստանայի ձևաչափով հանդիպում։ Նշված հանդիպումներից բացի, Լավրովը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի հիմնական նիստին և երկկողմ շուրջ 20 հանդիպում կանցկացնի։
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նյու Յորքում Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության նիստի շրջանակում Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները ստորագրել են ազատ առևտրի բարելավման մասին արձանագրություն: Կնքվել է նաև հյուպատոսական հարցերում փոխօգնության մասին կոնվենցիա։
Արտգործնախարարներն ընդգծել են միջազգային հարթակում համակարգված գործողությունների կարևորությունը՝ հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։
ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ԶՈՀՎԵԼ Է 5937 ՄԱՐԴ. ՇՈՅԳՈՒ
Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ ռուսական կողմից զոհվել է 5937 մարդ: Սերգեյ Շոյգուի հավաստմամբ՝ հակամարտության սկզբնական շրջանում Ուկրաինայի զինված ուժերի թիվը հասել է 201-202 հազարի։
«Այժմ ուկրաինական ուժերի թիվը պակասել է ավելի քան 100 հազարով, որից 61207-ը՝ զոհ, 49368-ը՝ վիրավոր»,- պարզաբանել է Շոյգուն:
Նախարարը հավելել է, որ անցած երեք շաբաթվա ընթացքում ոչնչացվել է ավելի քան 970 միավոր ուկրաինական զինտեխնիկա։
Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական կողմի զոհերի թիվը 54400 է:
ԿԻԵՎԸ ԽԱԽՏԵՑ ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՍԼՈՒՑԿԻ
Ուկրաինայի հետ բանակցություններն կդառնան անհնար, երբ Դոնբասը Ռուսաստանի մաս դառնա՝ հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։
«Բանակցությունների մասին, ցավոք, արդեն երկար ժամանակ է՝ խոսք չկա: Իրադարձությունների զարգացման միակ տարբերակը կարող է լինել կապիտուլյացիան։ Մենք պատրաստ էինք բանակցելու։ Բայց Կիևը խախտեց հնարավոր բոլոր պայմանավորվածությունները»,- ընդգծել է Սլուցկին։
ՄԻՆՉԵՎ ՁՄԵՌ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԻ. ՊՈԴՈԼՅԱԿ
Մինչև ձմեռ պատերազմը չի ավարտվի՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը:
Նրա խոսքով՝ հիմնական խոչընդոտն այն է, որ Արևմուտքը վախենում է պարտության դեպքում Ռուսաստանի հնարավոր արձագանքից:
Պոդոլյակը համոզմունք է հայտնել՝ եթե Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն հաղթահարեն այդ մտահոգությունները, ապա մի քանի ամսում վերջ կտան ռազմական գործողություններին։
ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել նոյեմբերի 20-ին հանրապետությունում նախագահի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին՝ հայտնում են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ Ղազախստանի խորհրդարանն ընդունել էր Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը ենթադրում է նախագահի կառավարման յոթնամյա ժամկետի սահմանում, ընդ որում՝ նույն անձը չի կարող նախագահի պաշտոնում ընտրվել մեկ անգամից ավելի: