ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առթիվ:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
Ինքնիշխան զարգացման տարիների ընթացքում Ձեր երկիրը զգալի հաջողությունների է հասել պետականության ամրապնդման, քաղաքական և սոցիալ-տնտեսական արդիականացման, ինչպես նաև քաղաքացիների բարեկեցության ապահովման գործում:
Ղազախստանում անկեղծորեն ուրախ են եղբայրական Հայաստանի ձեռքբերումների առթիվ և մեծ նշանակություն են տալիս բարեկամական ամուր կապերի, փոխվստահության և աջակցության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք որակական խթան հաղորդել մեր բազմաբնույթ համագործակցության դինամիկ զարգացմանը՝ նոր հորիզոններ բացելով ղազախա-հայկական փոխշահավետ համագործակցության համար։
Այս հանդիսավոր օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի շնորհավորական ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Մեր երկրներն ունեն բարեկամական հարաբերություններ, և ես հավատացած եմ, որ մեր համատեղ ջանքերով մենք կկարողանանք լավագույնս զարգացնել դրանք։
Ես բարձր եմ գնահատում Հայաստանի կառավարության կողմից բարեփոխումների և վերափոխումների հավակնոտ ծրագրի իրականացումը և ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ, որ Չեխիան կշարունակի մնալ Հայաստանի հավատարիմ գործընկերը՝ դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհին և աջակցող գործընկերը՝ ԵՄ հետ համագործակցության շրջանակներում։
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը և Ձեր պահանջկոտ աշխատանքում հաջողության լավագույն մաղթանքներս»:
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության միջև ավանդական բարեկամական հարաբերությունները հիմնված են հավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա։
Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում հաստատված երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների։
Օգտվելով այս հաճելի առիթից՝ անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի ողջ ժողովրդին՝ խաղաղություն, առաջընթաց և բարօրություն»։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարօրություն։
Օգտվելով առիթից՝ վստահություն եմ հայտնում, որ հայ-տաջիկական բարեկամության և կառուցողական համագործակցության հարաբերությունները կշարունակեն շարունակաբար զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների, ինչպես նաև երկու պետությունների հիմնարար շահերին համապատասխան։ Ակնկալում եմ այս ուղղությամբ Ձեզ հետ հետագա սերտ համագործակցություն»: