Հայաստանում կստեղծվի առաջին «Մամ» կենտրոնը, որտեղ ապագա մայրիկներին կկրթեն, կպատրաստեն մայրանալու բարդ ու պատասխանատու ընթացքին՝ առաջնահերթ բացատրելով բնական ճանապարհով փոքրիկներին լույս աշխարհ բերելու կարևորությունը:
Աստղիկ Վարդանյան («Միշել Օդեն» մայր կենտրոնի հիմնադիր) - Կեսարյանները լուրջ խնդիրներ ունեն, անպտղության բարձրացում, որոշ համաշխարհային տվյալներով՝ մինչև 20 տոկոս: Մեր ժողովրդի համար, երբ ունենք շատ ցածր ծնելիություն, չենք կարող խաղ անել կեսարյանների հետ: 90-ականներից դրանք տասնապատիկ աճել են:
Պատրաստվում են ստեղծել «Մամ» կենտրոնների ցանց ամբողջ Հայաստանում, օրերս կայացած սիմպոզիումին էլ որոշել են՝ առաջին կենտրոնը բացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:
Ավետիս Ավետիսյան («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ) - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծննդատան բժիշկներն ակտիվ ներգրավվածություն ունեին, և իհարկե, այնտեղ է տեղակայված նաև մանկաբարձության, գինեկոլոգիայի և մարդու վերարտադրողականության ամբիոնը, որի հետ ստորագրվեց Համագործակցության հուշագիր, այսինքն՝ այս տեսակ նախագծի ֆունդամենտալ գիտական, կրթական բազան լինելու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծննդատունը:
Մայր կենտրոնը կկրի աշխարհահռչակ ֆրանսիացի մանկաբարձ Միշել Օդենի անունը:
Աստղիկ Վարդանյան - Միշել Օդենն ամբողջ աշխարհով մեկ հսկայական փոփոխություն է բերել մարդկանց գիտակցության մեջ, համակարգեր է փոխել, 17-ից ավելի գրքերի հեղինակ է: Նրա ավանդը շատ մեծ է:
Օդենը աշխարհում հայտնի է բեղմնավորման նախապատրաստական ծրագրի՝ «ակորդեոն մեթոդով»: Ավելի քան 20 լեզվով հրատարակված 17 գրքի, «Կեսարյան հատում» գիտամեթոդական ձեռնարկի համահեղինակ է:
Միշել Օդեն (մանկաբարձ, ծննդաբերության մասնագետ) - Այսօր կանանց մեծ մասն ունենում է 2-ից քիչ երեխա, դա անգամ պարզ վերարտադրության համար բավարար չէ: Ինձ Հայաստան են հրավիրել մարդիկ, որոնք շատ լավ են գիտակցում, որ երեխայի ամբողջ կյանքի վրա անդրադառնում է հանգամանքը, թե ինչպես է լույս աշխարհ եկել: Մենք պետք է երկարաժամկետ պլաններ մշակենք, պետք է մեր տեսակի պահպանման մասին մտածենք, ծնունդները պետք է միշտ աճեն:
Ֆրանսիացի աշխարհահռչակ մանկաբարձը շրջեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, ծննդատանը, ծանոթացավ պայմաններին, հայ գործընկերներին ներկայացրեց իր փորձը: Օդենը նաև հանդիպեց ադրբեջանական վերջին վայրագությունների հետևանքով վիրավորված տղաների հետ: Մասնագետի խոսքով՝ այսքան կորուստները հնարավոր է հաղթահարել միայն նոր ծնունդներով: