Արմեն Փամբուխչյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար) - Այնտեղ եղել էր որոշակի միջադեպ դիերի հետ բերման ժամանակ, և մեր փրկարար ծառայողը գերեվարվել էր:
Արտակարգ իրավիճակների նախարարը մանրամասներ է ներկայացնում սեպտեմբերի 15-ի դեպքից, երբ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել էին Ներքին Հանդի տարածք դիեր վերադարձնելու, սակայն փրկարարներից մեկը խմբի հետ չէր վերադարձել:
Մոտ 3 ժամ, մի փոքր ավելի բանակցություններ վարվեցին, արդյունքում՝ փրկարարը ադրբեջանցի գերու հետ փոխանակվեց: Այլ մանրամասներ միջադեպից հայտնել չի կարող՝ ընդգծում է նախարարը: Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունները շարունակում են բարձր պատրաստականության ռեժիմ պահպանել հատուկ հերթափոխով:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Տներ, գարու, ցորենի, կարտոֆիլի դաշտեր, քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ՝ նախարարը Ադրբեջանի հարձակման առաջացրած վնասներն է թվարկում:
Ռմբակոծվել էր նաև ԱԻ ՓԾ Ջերմուկի ստորաբաժանման շենքը:
Ադրբեջանական ագրեսիայի առաջին իսկ ժամերից ստեղծվել է տարհանման հանձնաժողով, սակայն կազմակերպված տարհանման անհրաժեշտություն չի եղել:
Հիմնականում բնակիչները լքել են Սոթքը իրենց ուժերով, իսկ Վարդենիսից, Ներքին Հանդից, Ջերմուկից կազմակերպված տարհանում չի եղել, կարիքը չի եղել, քաղաքացիներն էլ չեն ուզել: Իսկ ովքեր ցանկացել են, կազմակերպչական հարցերով աջակցել ենք, բուն տարհանման որոշում չի կայացվել:
Ադրբեջանի հարձակման ընթացքում, նաև հաջորդ օրերին Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց ձորում շարունակվում էին հրդեհաշիջման աշխատանքները:
Ռմբակոծությունների ժամանակ հրշեջ-փրկարարներն ամեն ինչ արել են, որպեսզի մարեն:
Մենք ենթադրում ենք, որ թիրախավորվել են անտառները, որ առաջացնեն հրդեհ, զուգահեռ՝ ռմբակոծությունները, և առաջանար բնապահպանական որոշակի ճգնաժամ:
Վայոց ձորում անտառածածկ, Սյունիքում և Գեղարքունիքում՝ հիմնականում խոտածածկ տարածքներ են այրվել: Ծավալները դեռ հաշվարկվում են, այս պահին կան փոքր օջախներ՝ ծխացող, բայց, նախարարի գնահատմամբ՝ այդ ծխացող օջախներից խոշոր հրդեհներ բռնկվելու հավանականությունը մեծ չէ:
ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԸ ԿԱՐԳԻ ԲԵՐԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ
Ապաստարանները խնդրահարույց են՝ կամ աղբով են լցված, կամ կողպեքով փակ: Նախարարը նշում է՝ ապաստարանները կարգի բերելու խնդիր դեռ 2020-ի պատերազմից հետո էր դրվել:
Տվյալ ապաստարաններով համայնքն է զբաղվում, և մենք տալիս ենք գնահատական, թե ինչքանով են համապատասխանում, կրկնակի այցելություններ ենք անում, խնդիրները հաշվառվում, փոխանցվում են համանքին:
Վստահեցնում է՝ ստուգումներ իրականացնում են ամենօրյա ռեժիմով: Արդյունքը գոհացնող չէ, նախատեսում են խնդրի լուծման համար տալ իրավական լուծումներ:
«Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքով նոր գործիքակազմ ենք ուզում կիրառել, որ միայն ասելով չլինի, այլ ունենա հետևանքներ: Բայց հարյուրավոր դեպքեր ունենք, որ բազմիցս ստուգված նկուղները էլի լցնում են աղբով:
Իրազեկված լինելու համար նախաձեռնվող քայլերը խուճապային տրամադրության պատճառ են դառնում: Նախարարը հորդորում է՝ դա արտակարգ իրավիճակների նախարարության առաքելությունն է՝ քաղաքացուն դարձնել իրազեկ՝ երբ և ինչ անել:
Սա ընդամենը կրում է տեղեկատվական բնույթ, և, կարծում եմ՝ դպրոցից պետք է սկսել, և աշակերտները պետք է սովորեն՝ ինչ է պետք անել օդային տագնապի կամ այլ իրավիճակներում:
Իրազեկման ակցիաները շարունակելու են ավելի խաղաղ շրջաններում էլ: Նախարարը նաև նշում է՝ սեպտեմբերի 15-ից հոգեբանական ծառայությունը շուրջօրյա մասնագիտական աջակցություն է տրամադրում քաղաքացիներին, անհրաժեշտության դեպքում՝ նաև այցելում տներ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան