Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Գլխավոր դատախազը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ մի շարք ուղղություններով ծրագրերը՝ միտված հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին և քրեական արդարադատությանը: Նախքան հետագա համագործակցությանը վերաբերող հարցերին անդրադառնալը՝ գլխավոր դատախազ Վարդապետանը ԵԽ գործընկերներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շեշտել, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է միջազգային հանրության հստակ դիրքորոշումներն ու գործողությունները՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը հետ քաշելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ Մարտինա Շմիդտն ու Լիլիթ Դանեղյանն ընդգծել են գլխավոր դատախազության հետ համագործակցության կարևորությունը մի շարք առանցքային ուղղություններով և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել: