Աշխարհի տարբեր պետություններ արագ արձագանքել են Ռուսաստանում մասնակի զորահավաք, իսկ Դոնբասում՝ Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու մասին նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին:
Վաշինգտոնը երբեք չի ճանաչի Ռուսաստանին միանալու հանրաքվեները, որոնք կանցկացվեն Դոնբասում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանն Ուկրաինայի տարածքում Ռուսաստանին միանալու վերաբերյալ առաջիկա հանրաքվեները անվանել է վիրավորանք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին և խոստացել է աշխատել ավելի կոշտ պատժամիջոցների վրա, եթե «ուկրաինական տարածքները» միանան Ռուսաստանի Դաշնությանը։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկրում մասնակի զորահավաք հայտարարելու որոշումը սխալ է։ Զորահավաքը նա անվանել է իրավիճակի վատ զարգացում։
Իսկ երկրի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի մասին որոշումը «նշանակում է, որ Ուկրաինան արդյունավետ է պաշտպանում իր տարածքային ամբողջականությունը»։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջիլիան Քիգանը հայտարարել է, որ ՌԴ նախագահի խոսքը Դոնբասում հանրաքվեներ անցկացնելու մասին «անհանգստացնող էսկալացիա» են։ Նա Պուտինի հայտարարությունը անվանել է սպառնալիք և կոչ է արել լուրջ վերաբերվել դրան։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի կարծիքով՝ Ռուսաստանում նախատեսված մասնակի զորահավաքը խոսում է ուկրաինական ճակատում ստեղծված ծանր վիճակի մասին։
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կրեմլի գործողություններն անվանել է «վերադարձ իմպերիալիզմի և գաղութային դարաշրջան»:
«Ռուսաստանը պետք է հասկանա, որ չի կարող ռազմական ճանապարհով պարտադրել իր կամքը, նույնիսկ եթե ռմբակոծված և այժմ օկուպացված տարածքներում ցինիկաբար ինչ-որ կեղծ հանրաքվեներ անցկացվեն»,- հայտարարել է Մակրոնը։
Դոնբասում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանին միանալու վերաբերյալ առաջիկա հանրաքվեների անցկացումը դատապարտել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ։
Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսը հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչի Դոնբասի և ազատագրված տարածքների Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեների արդյունքները և կոչ է արել հրաժարվել քվեարկությունից։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ արևմտյան երկրները և ՆԱՏՕ-ն պետք է արձագանքեն Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքին՝ ավելացնելով ֆինանսական և ռազմական օգնությունն Ուկրաինային։
Պուտինի հայտարարություններից մտահոգված են Ռումինիան, Բուլղարիան, Լատվիան՝ դրանք համարելով լուրջ սպառնալիք այդ պետությունների անվտանգությանը:
ԵՄ երկրների իշխանությունները կարող են պայմանավորվել հակառուսական պատժամիջոցների յոթերորդ փաթեթի ընդունման շուրջ, եթե Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում անցկացվեն հանրաքվեներ Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ, գրում է Euractiv պորտալը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ «քվեարկությունը» չի փոխում պատերազմի բնույթը, որը Ռուսաստանը մղում է Ուկրաինայի դեմ: Ենս Ստոլտենբերգը կոչ է արել մեծացնել աջակցությունը Կիևին։
Մասնակի զորահավաքի և հանրաքվեների անցկացման վերաբերյալ Ռուսաստանի նախագահի հայտարարություններին է անդրադարձել նաև Պեկինը: Չինաստանի ԱԳՆ-ն հրադադարի և երկխոսության միջոցով խաղաղ կարգավորման կոչ է արել Ուկրաինայում հակամարտող բոլոր կողմերին։ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը, մեկնաբանելով Դոնբասում նախատեսված հանրաքվեները, հորդորել է հարգել բոլոր կողմերի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։