ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնն է։
Խորհրդանշական է, որ այսօրը ՄԱԿ-ի տոնացույցում նշվում է որպես Խաղաղության միջազգային օր, իսկ մեր անկախ պետության խաղաղությունը խաթարված է ադրբեջանական ագրեսիվ հարձակմամբ, որը թիրախավորել է խաղաղ բնակչությանը, կանանց, երեխաներին, ծերերին, հաշմանդամություն ունեցող անձանց, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող բժիշկներին ու լրագրողներին։
Մեր 31-ամյա անկախությունը մշտապես եղել է մաքառում խաղաղության համար, պայքար հայրենիքում արժանապատիվ ու անվտանգ ապրելու համար։
Անկախությունը մեր բարձրագույն արժեքն է, այն անձանց իրավունքների, ազատությունների երաշխավորման ու ապահովման մեր գործուն մեխանիզմն է և առհավատչյան։
Անկախությունը պայքար է մեր իրավունքների համար, անխոնջ աշխատանք ու համազգային կենտրոնացում։ Անկախությունը մեր հպարտությունն ու մեր ինքնությունն է՝ կայուն, անվտանգ, ժողովրդավար ու զարգացող պետությունում ապրելու և արարելու մեր անքակտելի իրավունքը։
Շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ»,- ասված է ուղերձում։