Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձն է : Անկախության օրվա շնորհավորական ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է. միանշանակ է, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախության հանրաքվեին «Այո» ասած քաղաքացիների մեծամասնությունը հասկանում էր, որ սա պարզապես քվեաթերթիկի վրա գրիչով արված նշում չէ, այլ սահմանագիծ, որից այս կողմ հպատակը դառնում է Քաղաքացի, Հայրենիքը դառնում է Պետություն, կարգախոսը՝ Պատասխանատվություն:
Նիկոլ Փաշինյան - 1991-ի սեպտեմբերի 21-ին «Այո» ասած սերունդը լիուլի և արժանապատիվ կրեց այդ պատասխանատվությունը՝ իր ուսերին կրելով պատերազմի, տնտեսական դժվարությունների, սոցիալական հուսահատության ծանրությունը: Եվ այսօր Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձի օրը նախևառաջ իմ խոնարհումի ու ակնածանքի խոսքերն եմ ուզում ասել այդ սերնդին, առաջին հերթին մեր այն նահատակներին, որոնք իրենց կյանքն են տվել հանուն Անկախության, հանուն Պետականության, այն մարդկանց, որոնք նորանկախ երկրի կոչով սեփական կյանքն ու բարեկեցությունը զոհաբերելով են նաև Այո ասել Անկախությանը:
Վարչապետի խոսքով՝ հենց այս մարդկանց՝ կամավորների, ոստիկանների, զինվորների ուսերին է հենվել մեր նորանկախ պետությունը: Եվ 1991-ի որոշումը չի փոխվել սոցիալական ու քաղաքական որևէ դժվարությունից, որևէ անհաջողությունից ու ձախողումից: Այսօր էլ սեպտեմբերի 21-ն է, և այսօր էլ Անկախության հանրաքվե է: Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն «Այո» են ասել Անկախությանը: Սահմանին աներեր կանգնած զինվորը «Այո» է ասում Անկախությանը:
Նիկոլ Փաշինյան - Ամեն օր, ամեն Աստծո օր պաշտոնյա թե գյուղացի, զինծառայող թե գործարար, ուսուցիչ թե բանվոր՝ ուզենք թե չուզենք, գիտակցենք թե չգիտակցենք, հանրաքվեի մասնակից ենք, Անկախության հանրաքվեի:
Եվ կարևոր է, որ Անկախությանը ասենք «Այո», Ինքնիշխանությանը ասենք «Այո», ժողովրդավարությանն ասենք «Այո» և այդ «Այո»-ն, ըստ անհրաժեշտության, վերահաստատենք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Պետություն-Հայրենիքի այն հատվածում, որտեղ այդ Այոն ամենաշատն անհրաժեշտ կլինի: Ու չերկմտենք, ու չերկնչենք, ու չկասկածենք, որովհետև ամեն օր, ամեն Աստծո օր մեր մեջ փորձում են սերմանել նորանոր կասկածներ, նորանոր վախեր և այդ ամենը հանուն մի բանի, որ մենք հրաժարվենք մեր Անկախությունից, որ հրաժարվենք մեր պետությունից:
Այո՛ Անկախությանը, Այո՛ Ինքնիշխանությանը, Այո՛ Հայաստանի Հանրապետությանը՝ վարչապետն այսպես է եզրափակել անկախության 31-ամյակին նվիրված ուղերձը:
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ Է. ՀՀ ՆԱԽԱԳԱՀ
Անկախության հանրաքվեն հայ ժողովրդի կայացրած վճռի հաստատագրման նպատակ ուներ, այդ վճիռն այսօր էլ չի փոխվել: Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձի շեշտադրումն է՝ ցանկացած մարտահրավեր ու խոչընդոտ հաղթահարելի է մեր հավաքական կամքի ու հավաքական միասնության համար:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Անկախության կերտման ու պաշտպանության ուղին դյուրին չէ, և այդ ճանապարհին մենք ունենում ենք նաև անդառնալի կորուստներ։ Oրեր առաջ հերթական անգամ մեր մարտիկներն իրենց կյանքը զոհեցին հանուն մեր երկրի անկախության ու հայրենիքի սահմանների պաշտպանության՝ իրենց զոհաբերությամբ ավանդելով ու պարտավորեցնելով բոլորիս լինել միաբան ու հզոր, որովհետև նրանք ընկան հանուն ազատ ու անկախ ապրելու մեր անքակտելի իրավունքի պաշտպանության։ Եվ այսօր մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ։ Միևնույն ժամանակ անկախության հանրաքվեից ի վեր, վերջին երեք տասնամյակը գալիս են ապացուցելու մի պարզ ճշմարտություն, որ անկախությունը գործողություն է, շարժում և շարունակական պայքար ու անդուլ աշխատանք՝ հանուն մեր ներկայի, հանուն մեր վաղվա օրվա, մեր զավակների և թոռների անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի:
ԳՈՐԾԵԼ ԵՎ ԱՐԱՐԵԼ ՀԱՆՈՒՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ. ԱԺ ՆԱԽԱԳԱՀ
Մեր հայրենիքի համար այս օրերին կարևոր է ուժ գտնել՝ վանելու հուսահատությունը, գործելու և արարելու հանուն Անկախության. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձում նշվում է՝ սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության միասնական երազանքի կատարման օրն է:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Անկախության համար պայքարածները, նրանց սերունդները և անկախ Հայաստանում ծնվածներն անցել և անցնում են բազում փորձությունների միջով:
Երախտիքի և շնորհակալության խոսքեր ենք հղում անկախության գաղափարին անմնացորդ հավատարիմ, բազում զրկանքներ և մարտահրավերներ կրած մեր եղբայրներին և քույրերին: Հարգանք և խոնարհում 31 տարվա ընթացքում Հայրենիքի, Անկախության, Ինքնիշխանության համար իրենց կյանքը չխնայած քաջերին:
ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ԼԻՆԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Հզոր, ծաղկող ու զարգացած Հայրենիքը բոլոր հայերի նվիրական երազանքն է. Արցախի նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի ուղերձում կոչ է անում միասին ու հաստատակամ տեր կանգնել հայոց անկախ պետականությանը:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Հզոր, ծաղկող ու զարգացած Հայրենիքը բոլոր հայերի նվիրական երազանքն է՝ Մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Եվ այդ երազանքի շուրջ համախմբումը օրվա հրամայական է ու միակ ճիշտ ուղին այն իրականություն դարձնելու համար. մենք այլ ճանապարհ չունենք: Այսօր կրկին հայը կանգնած է նոր լրջագույն մարտահրավերների առջև, որոնք սպառնալիք են հայոց պետականությանը, ազգային ինքնությանն ու ապագային:
ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՍՅՈՒՆ
Անկախության համար պետք է տքնել և պայքարել ամեն օր։ Անկախությունը գերագույն և անսակարկելի արժեք է։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ հայրապետական իր ուղերձն է հղել համայն հայ ժողովրդին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ (Ամենայն Հայոց Կաթողիկոս) - Անկախության տոնի այս օրը ուխտենք վերստին ամենայն հանձնառություն ու զոհողություն ստանձնել հանուն հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի։ Ապրենք ճշմարիտ հայրենասիրությամբ, ազգային ու պետական շահերի բարձր գիտակցությամբ՝ խույս տալու համար ցավալի նոր կորուստներից։ Աստվածապավինությամբ և անխախտ հավատարմությամբ առ հայրենին չընկրկենք, չհուսահատվենք փորձությունների ու նեղությունների առջև և միասնական ջանքերով կերտենք լուսեղեն գալիքը մեր ժողովրդի, հաղթական նոր էջը մեր պատմության։ Մեր հավատքի զորությամբ է, որ կարող կլինենք հաղթահարելու չարահնար բոլոր հարձակումները, քանզի, ինչպես առաքյալն է ասում, «ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամն է՝ պետականության անվտանգության հիմնասյունը մեր ազգային միաբանությունն է։ Որքան ամուր եղավ այդ հիմքը, այնքան հաստատուն կլինի մեր անկախ պետականությունը: