Կրեմլում տեղի է ունեցել օտարերկրյա պետությունների 24 դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությունը: Վլադիմիր Պուտինին իր հավատարմագրերն է հանձնել նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
Դեսպաններին ուղղված ելույթում Կրեմլի ղեկավարը նշել է, որ դիվանագետները պատասխանատու առաքելություն են ստանձնում և պետք է անեն հնարավորը՝ նպաստելու իրենց երկրների և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացմանը։
Վլադիմիր Պուտինը նաև անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին, կողմերին կոչ արել պահպանել հրադադարը: Նա ընդգծել է՝ հակամարտության լուծման բանալին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում մասնագիտական, համատեղ աշխատանքն է՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:
Վլադիմիր Պուտին (Ռուսաստանի Դաշնության նախագահ) - Մեր մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում: Բոլորին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և անշեղորեն հետևել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին։ ՀԱՊԿ-ի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ առճակատման գոտի հատուկ առաքելություն է ուղարկվել։ Պատվիրակությանը հանձնարարվել է ստեղծված իրավիճակի ուսումնասիրության արդյունքներով առաջարկներ պատրաստել և ներկայացնել Հավաքական անվտանգության խորհրդին։
ՀՀ-Ն ՌԴ ՄՏԵՐԻՄ ԲԱՐԵԿԱՄՆ ՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆ Է. ՊՈՒՏԻՆ
Վլադիմիր Պուտինը նաև տեղեկացրել է, որ նոյեմբերին Երևանում կկայանա ՀԱՊԿ գագաթնաժողովը:
Անդրադառնալով երկկողմ գործակցությանը՝ Կրեմլի ղեկավարը նախ շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:
Վլադիմիր Պուտին - Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին և երկրի ղեկավարությանը սեպտեմբերի 21-ին նշվող Անկախության օրվա առթիվ: Այս տարի միանգամից երկու նշանակալից հոբելյան ունենք՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» հիմնարար պայմանագրի ստորագրման 25-ամյակը:
Հայաստանը Ռուսաստանի մտերիմ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է: Միայն այս տարի մենք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել ենք երեք անգամ: Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են ինտենսիվ քաղաքական երկխոսությունը:
Եզրափակելով դեսպաններին ուղղված ելույթը՝ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ դիվանագետներն իրենց աշխատանքով կնպաստեն միջազգային անվտանգության և կայունության ամրապնդմանը։