Հայ-ռուսական երկկողմ համագործակցությամբ Հայաստանը կարող է մատուցել ուռուցքաբանական, վերականգնողական և առողջարանային բժշկական ծառայություններ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հատուկ ներկայացուցիչ Արֆենյա Տեր-Մինասովայի և ՌԴ ԱՊՀ երկրների և տարածաշրջանների վարչության ԱՊՀ երկրների վարչության պետ Տատյանա Մուդրովայի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ոլորտները` գլխուղեղի կաթվածների բուժման ծրագրից մինչև վերականգնողական թերապիա և ուռուցքաբանություն:
Արֆենյա Տեր-Մինասովանն վստահեցրել է, որ Հայաստանը ևս Ռուսաստանի քաղաքացիների համար առողջապահական տուրիզմի առումով պահանջված երկիր է:
Նախարարը հյուրերին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում նախատեսված ուռուցքաբանական ֆորումին:
Իսկ ռուսական կողմը Անահիտ Ավանեսյանին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու հոկտեմբերի 25-27-ն անցկացվելիք «Առողջության միջազգային 10-րդ ֆորումին». նախատեսվում է առաջիկա ծրագրերի ճանապարհային քարտեզի քննարկում:
Պատվիրակության ներկայացուցիչներն իրենց ցավակցությունն են հայտնել նաև Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով մարդկային կորուստների համար: