Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Արցախի արտգործնախարարը հանդիպումներ է անցկացրել Ջորջ Վաշինգտոնի համալսարանում և Ամերիքըն էնթերփրայս ինստիտուտ վերլուծական կառույցում: Դավիթ Բաբայանը խոսել է մեր տարածաշրջանի պատմական անցյալի, Արցախյան հակամարտության ակունքների, ու մերօրյա վիճակի, Արցախի դեմ ագրեսիայում Ադրբեջանի կողքին նաև Թուրքիայի ու վարձկանների խաղացած դերի մասին։
Դավիթ Բաբայանին ընդունել են նաև Կապիտոլիումի բարձունքում։ Ամերիկահայ միությունների կազմակերպած միջոցառման ընթացքում Դավիթ Բաբայանին և Արցախի մշակույթի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանին ողջունել են համայնքային գործիչներ, օրենսդիներ: Ջուդի Չուին ադրբեջանական դեսպանատնից տեղեկացրել են, որ նախկինում Արցախ այցելելու համար իրեն ներառել են տխրահռչակ սև ցուցակում։
Կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է Բաքվին ամերիկյան ռազմական օժանդակությունը դադարեցնելուն ուղղված քայլերը։
Ադամ Շիֆ (ԱՄՆ Կոնգրեսի անդամ, Կալիֆոռնիա) - Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունը պետք է հստակ խոսեն Ադրբեջանի և Ալիևի կողմից ընդդեմ հայ ժողովրդի այս ագրեսիվ պատերազմի մասին: Տեղի ունեցածը հստակորեն կանխամտածված մի արյունահեղություն էր, որը պետք է կասեցնել:
Ջուդի Չու (ԱՄՆ Կոնգրեսի անդամ, Կալիֆոռնիա) - Ադրբեջանն ինձ արգելել է մուտք գործել իրենց երկիր։ Ես դա պատվով կկրեմ, բայց դա ինձ ստիպում է ավելի շատ խոսել Արցախի խաղաղ ժողովրդի իրավունքների մասին։ Այս օրերին Ադրբեջանից ևս մեկ ոճրագործ հարձակման պայմաններում դա ցավալիորեն ավելի մեծ կարևորություն է ստանում:
Դավիթ Բաբայան (Արցախի ԱԳ նախարար) - Պետք է միավորվենք Արցախի գաղափարի շուրջ։ Բոլորիդ կոչ եմ անում Արցախը դարձնել հայկական աշխարհի առանցքային գաղափարը՝ գոնե մի որոշ ժամանակով հետամուտ լինելով արցախակենտրոն քաղաքականության։ Դա մեզ կօգնի հաղթահարելու դժվարությունները։