ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: Դրանում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Տարբեր բնագավառներում ցուցաբերելով բարձր առաջադիմություն` ՀԱՅ մարդը միշտ աչքի է ընկել իր պայքարող տեսակով: Այսօր էլ այդ պայքարող հայը, գործի դնելով իր բոլոր ուժերը, կանգնած է մեր պետության կողքին. կյանքի գնով պաշտպանում է մեր երկիրը:
Մենք պայքարում ենք կյանքերի գնով կերտած մեր պետության, մեր իսկ կերտած Անկախության, պետականության ամրապնդման, մեր բանակի հզորացման համար:
Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր.
«Աշխարհի ամեն անկյունում ապրող և իրեն հայ համարող մարդը պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով և իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան»:
Այսօր հայ ժողովուրդը, կամավորականը, զինվորը պայքարում են սահմաններում, խրամատում: Մենք՝ երկրապահներս, ամեն օր կատարում ենք մեր սրբազան առաքելությունը՝ անմնացորդ նվիրվածությամբ ծառայելով մեր հայրենիքին. երկրապահը ամուր կանգնած է մեր բանակի, զինվորի կողքին:
Հպարտությամբ նշեմ, որ ԵԿՄ Պատանի երկրապահները մեր վաղվա հզոր, պայքարող զինվորներն են, հրամանատարները, գեներալներն են: «Պատանի երկրապահ» ակումբի սաները գիտակցաբար և ամենայն պատասխանատվությամբ քայլում են մեր իսկ ճանապարհով:
Փա՛ռք երկրապահ կամավորականներին, մեր բանակին, զինվորներին, ազատամարտիկներին, պատանի երկրապահներին: Հավերժ փա՛ռք հանուն հայրենիքի նահատակված հայորդիներին: Մեր խոնարհումը հերոսածին մայրերին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք պարտավոր ենք համազգային համախմբվածությամբ կանգնելու մեր պետության, պետականության, բանակի կողքին: Մենք պարտավոր ենք ամեն օրը նվիրելու մեր հայրենիքի հզորացմանն ուղղված գործին: Ամենքս մեր գործում պետք է լինենք լավագույնն ու ծառայենք հանուն հայրենիքի:
«Մեր խելքը մեզ այսօր ու հիմա է պետք»,- ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյան: Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը: Խաղաղություն մեր երկրին: Աստված պահապան»: