Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է սկսել կրթական խոշոր հաստատություններում: Այս պահին ստուգումներ են Բրյուսովի անվան համալսարանում: Արդեն հայտնի են մանկավարժականում ուսումնասիրության արդյունքները, հայտնաբերվել են խախտումներ, որոնք ուղարկվել են գլխավոր դատախազություն:
Ռոմանոս Պետրոսյան (Պետական վերահսկողական ծառայության ղեկավար) - Կրթության բոլոր խոշոր հաստատություններով պետք է անցնենք, անկախ նրանից` ռիսկեր տեսնում ենք, թե ոչ:
Սա այն ոլորտներից մեկն է, որտեղից շատ են ստանում ահազանգեր՝ ավելացնում է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
Ռոմանոս Պետրոսյան - Այս պահին դեռ ընթացքի մեջ են Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի ուսումնասիրությունները, կարծում եմ՝ 1,5-2 ամսից կավարտենք, կամփոփենք, նաև Գավառի պետական համալսարանում ենք ուսումնասիրություններ անում:
Հայկական պետական մանկավարժական համալսարանում երեք ամիս տևած ուսումնասիրության արդյունքներն էլ վերջերս են ամփոփել: Ուսումնասիրվել են 2020-2021 թվականների փաստաթղթերը, խախտումներ հայտնաբերել ոչ միայն դասախոսների, այլև՝ ուսանողների մասնակցությամբ:
Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Գլխավոր դատախազություն, Հակակոռուպցիոն կոմիտեում էլ դրանց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում և Գավառի համալսարանում արդյոք խախտումները կլինեն իրավակա՞ն բնույթի՝ Պետրոսյանը դեռ մանրամասնել չի կարող: Ամեն դեպքում, ուսումնասիրություն սկսելու համար հիմքեր եղել են:
Ռոմանոս Պետրոսյան - Կոնկրետ այս 2 տեղում հիմք են հանդիսացել մոնիտորինգի վարչության աշխատակիցների վեր հանած ռիսկերը, կարող են լինել պետական եկամուտների արժանահավատության ստուգման առումով, գեներացնող հարկերի ծավալների համադրման արդյունքում, որոնք ենթակա են լրացուցիչ ուսումնասիրության:
Ավելացնում է` մշտադիտարկվող հաստատություններ էլ կան, որտեղ բացառապես արդյունավետության պակաս կա. այդ ուղղությամբ ցուցումներ տրվում են:
Ուսումնասիրությունները շարունակվում են նաև մասնավոր հաստատություններում: Եթե լինեն խախտումներ, և եթե դրանք քրեական տարրեր պարունակեն, ապա չի բացառվում, որ դադարեցվեն կրթական լիցենզիաները, ինչպես դա եղավ Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի դեպքում:
Ռոմանոս Պետրոսյան - Սուրբ Թերեզայի մասնավոր ուսումնական հաստատության ուսումնասիրությունը իրականացրել էինք ԿԳՄՍ նախարարի միջնորդությամբ և մամուլում առկա հրապարակումների հիման վրա:
ՊՎԾ 2022 թ. հայտնաբերած խախտումներին տրվել է իրավական ընթացք, կան հարուցված քրեական գործեր:
Ռոմանոս Պետրոսյանը շեշտում է` կրթության ոչ միայն բարձրագույն օղակն է ուշադրության կենտրոնում: Պարզապես դպրոցների դեպքում, քանի որ շատ են, ստուգման ընթացակարգն է այլ:
Ռոմանոս Պետրոսյան - Օրինակ, Երևանի քաղաքապետարանի ուսումնասիրության շրջանակում մի քանի տասնյակ դպրոցներ էլ են ուսումնասիրվել:
Վստահեցնում է` նույն կերպ մարզպետարաններն ուսումնասիրելիս իրենց ենթակայության տակ գտնվող դպրոցներում կլինեն ստուգումներ:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան