Ամերիկայի Միացյալ Նահանգների երրորդ դեմքի՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան պատմական է՝ արձանագրում են փորձագետները: Վերլուծելով երկու օրվա ընթացքում պաշտոնյաների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու Փելոսիի հնչեցրած ուղերձները` քաղաքագետները նշում են՝ այցն ապահովեց սահմանային իրավիճակի կայունացում, իսկ մեր պետականության հակառակորդներին ցույց տվեց՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տեղի ունեցող գործողությունները չեն համընկնում Միացյալ Նահանգների շահերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը շեշտեց՝ իր երկիրը, ի թիվս մի շարք հարցերի, Հայաստանի ընկերն է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրում Թուրքիային հակազդելու հարցում:
Քաղաքագետ Արեգ Քոչինյանն այս հայտարարությունում նաև Ադրբեջանին զսպելու ուղերձ է նկատում:
Արեգ Քոչինյան (Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ) - Ադրբեջանի գործողություններն, ընդհանրապես, միշտ հենված են թուրքական ապահովագրող ֆակտորի վրա: Այսինքն՝ Ադրբեջանն այսպես ազատ է իր գործողությունների մեջ, որովհետև գիտի, որ ինքն ունի ապահովագրող: Բայց եթե նա չունենա այդ ապահովագրողը, կամ ապահովագրողն իրեն ասի, որ այսինչ գծից հետո մենք այլևս ապահովագրել չենք կարողանա, ապա Ադրբեջանը շատ ավելի կաշկանդված կդառնա իր գործողությունների մեջ:
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները դատապարտելու համար Ներկայացուցիչների պալատ բանաձև է ներկայացվել՝ հայտարարվեց Նենսի Փելոսիի և Ալեն Սիմոնյանի համատեղ ասուլիսի ընթացքում: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով` բանաձևի ընդունումը լուրջ նախազգուշացում կլինի։
Ստեփան Գրիգորյան (քաղաքագետ) - Չեմ բացառում, որ, եթե Ադրբեջանը նորից փորձի հարձակում անել, Միացյալ Նահանգների Կոնգրեսը սանկցիաները սկսի կիրառել:
Արեգ Քոչինյանը պատժամիջոցներից ավելի կարևոր է համարում բանաձևով Հայաստանին աջակցության տրամադրումը: Այս համատեքստում քաղաքագետները կարևորում են նաև Նենսի Փելոսիի հանդիպումը Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որը օրակարգով ի սկզբանե նախատեսված չէր:
Արեգ Քոչինյան - Եթե, օրինակ, Կոնգրեսում շրջանառվի Հայաստանին աջակցության ակտը, որը կնախատեսի ինչ-ինչ համագործակցություն՝ անվտանգության, սպառազինության, տեխնիկական մատակարարումների հարցերում, սա ինձ համար շատ ավելի հետաքրքիր է Ադրբեջանի ուղղությամբ պատժամիջոցներից, որովհետև պատժամիջոցները ժամանակակից աշխարհում, փորձը ցույց է տալիս, որ երբեք իրենց նպատակին չեն հասնում:
Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում, անվտանգային հարցերից բացի, քննարկվել է նաև Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակը: Քաղաքագետներն ընդգծում են՝ Նենսի Փելոսիի այցը Հայաստանում ժողովրդավարության բարձր մակարդակի մասին է վկայում:
Արեգ Քոչինյան - Մենք տեսնում ենք, որ նախագահ Բայդենի վարչակարգը հայտարարել է, որ կան ժողովրդավարական պետություններ, և կան ոչ ժողովրդավարական պետություններ: Միացյալ Նահանգների նպատակն է՝ աջակցել հնարավորինս ժողովրդավարական պետություններին: Հայաստանը Միացյալ Նահանգների կողմից դիտարկվում է որպես ժողովրդավարական պետություն, սրա ապացույցն է մեր վարչապետին ուղարկված հրավերը ժողովրդավարության հայտնի գագաթնաժողովին:
Հայ և ամերիկացի պաշտոնյաների հանդիպումների ընթացքում առաջ է քաշվել նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Հայաստանի միանալու հարցը: Մեր երկրի մասնակցությունը ծրագրին կասեցվել էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո:
Ստեփան Գրիգորյան - Այդ ծրագրերն իրենց մեջ պարունակում են միլիարդանոց աջակցություն: Այս աջակցությունը մենք կստանանք` հենց ժողովրդավարությունը զարգացնելու համար:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի` Հայաստան կատարած այցը քաղաքագետները հաջողված են որակում, նշում են՝ այն ևս մեկ և լուրջ քայլ է գործակցության խորացման ուղղությամբ:
Հեղինակ` Նորայր Շողիկյան