Ուսումնական տարվա սկզբին սովորաբար մեծանում է սուր շնչառական վարակների տարածման ռիսկը: Այսօր հիմնականում հանդիպող տեսակներն են ռինովիրուսը, պարագրիպը, ինչպես նաև կորոնավիրուսը: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է հիվանդացության ցածր շեմ 1.2 անգամ, սակայն աճ կա այս տարվա հուլիսի համեմատ:
Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Դեպքերի թիվը նախորդ ամսվա համեմատությամբ աճել է 1.3 անգամ, ինչը, բնականաբար, պայմանավորված է մարդկային շփումներով, ուսումնական հաստատությունների բացմամբ, այսինքն՝ այստեղ մենք խնդիր ունենք, որ սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով երեխաներին ուղարկում են դպրոց, և վարակն ավելի տարածվում է:
Վարակվածների 46 %-ը մինչև 18 տարեկան երեխաներ են, դրա հիմնական մասը՝ մինչև 4 տարեկաններ: Մուրացանի մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանի խոսքով՝ սուր շնչառական վարակներով կլինիկա տեղափոխված հիվանդների վիճակը ընդունելության պահին լինում է միջին ծանրության կամ ծանր՝ պայմանավորված հիմնականում շնչառական խանգարումների առկայությամբ կամ բացակայությամբ:
Մարի Դարակչյան («Մուրացան» հիվանդանոցի մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար) - Կոնկրետ այս պահի դրությամբ ունենք մոտավորապես 30-35 երեխա, որոնք բուժում են ստանում սուր-շնչառական վիրուսների կապակցությամբ: Ընդ որում՝ ախտաբանությունները տարբեր կարող են լինել՝ լարինգոտրայխայիդներ, թոքաբորբեր, բրոնխիտներ՝ կախված արդեն տարիքային շրջանակից:
Ըստ բժշկուհու՝ ամեն տարվա պես հոկտեմբեր-նոյեմբերին սպասվում են շնչառական վիրուսային վարակների սրացումներ, երբ գրիպի հարուցիչը կրկին գլուխ է բարձրացնում: Թե՛ հիվանդանոցից, թե՛ ՀՎԿԱԿ-ից շեշտում են՝ սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է նախ հետազոտվել կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ և հնարավորինս չհաճախել աշխատանքի կամ ուսումնական հաստատություններ՝ վարակի շղթան ճեղքելու համար:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան