Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարությունում ելույթ ունենալով, հայտարարել է, որ «ամենասեղմ ժամկետներում հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի միջև համակողմանի խաղաղ պայմանագրի կնքումը»:
Նա հայտարարել է, թե իրենք «քայլեր են ձեռնարկել» Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացիկ գործընթացներին «աջակցելու» համար:
«Թեպետ վերջին զինված բախումներն այդ գործընթացը ստվերեցին, մենք կարծում ենք, որ սեղմագույն ժամկետներում հնարավոր է հասնել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման: Մենք միշտ մեր ադրբեջանցի եղբայրների կողքին կլինենք իրենց իրավունքների ու ապագայի հաստատման հարցում»,- ասել է նա:
Էրդողանը նաև նշել է, թե տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը բոլոր տարածաշրջանային երկրների համար կարևոր իրադարձություն կդառնա: