Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ խորապես մտահոգում է Ռուսաստանին. Մոսկվան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում օտարերկրյա պետությունների դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ Նա ընդգծել է, որ հակամարտության լուծման բանալին հայ - ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի շրջանակներում մասնագիտական, համատեղ աշխատանքն է ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:
«Մեր մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում: Բոլորին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և անշեղորեն հետևել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- նշել է Պուտինը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ շրջանակում միջոցներ են ձեռնարկվում Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ առճակատման գոտի հատուկ առաքելություն է ուղարկվել։ Պատվիրակությանը հանձնարարվել է ստեղծված իրավիճակի ուսումնասիրության արդյունքներով առաջարկներ պատրաստել և ներկայացնել Հավաքական անվտանգության խորհրդին։ Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են ինտենսիվ քաղաքական երկխոսությունը»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաև տեղեկացրել է, որ նոյեմբերին Երևանում կկայանա ՀԱՊԿ գագաթնաժողովը։