ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին։
«Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի շուրջ: Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի», - ասված է Գուտերեշի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Գլխավոր քարտուղարը նաև մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայում զարգացումների պատճառով այժմ ավելի դժվար է կարգավորել մյուս կարևոր ճգնաժամերը։
ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանի հետագա զարգացման և տևական բարեկեցության համար:Կարևորվել է նաև նախորդ տարի Վրաստանի նախագահի միջնորդական դերը, որի արդյունքում Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 15 հայ զինծառայողի, իսկ հայկական կողմը տրամադրեց ականապատ տարածքների քարտեզներ:
ՀԱՊԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ՝ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Սեպտեմբերի 15-ին Հայաստան ժամանած ՀԱՊԿ առաքելությունը սահմանին լարվածության թուլացման առաջարկներ է մշակել՝ հայտնել են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։
«Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքներին նվիրված խորհրդակցություն: Պատվիրակության ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի ուսումնասիրության հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների մասին: Կառուցողական հանդիպում էր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պաշտպանության նախարարությունում հանդիպումից հետո ՀԱՊԿ առաքելության ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա։
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական հայկական կենտրոնի ղեկավար Վաղինակ Սարգսյանը Թեհրանում այցելել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական տեխնիկայի և քաղաքացիական պաշտպանության վարչություն:
Կողմերն ականազերծման ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ուղղված երկու երկրների միջև գործընկերության ամրապնդմանը:
ԻՐԱՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՐԱԶԱՆՔԸ ԿՎԵՐԱԾԻ ՄՂՁԱՎԱՆՋԻ
Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կվերածի մղձավանջի՝ հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարը: Վահիդ Ջալալզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զարգացումների վերաբերյալ, նշել՝ Թեհրանը կկանխի տարածաշրջանում աշխարհաքաղաքականության փոփոխության ցանկացած փորձ։
ՕՎԵՐՉՈՒԿԸ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցման ուղիների բացումը Հայաստանին Ռուսաստանից մինչև 5 մլրդ դոլարի ներդրումների ներհոսքի հնարավորություն կտա՝ հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նրա խոսքով` ռուսական կողմը համապատասխան ծագրերի մասով քննարկումներ է անցկացնում գործարար օղակների հետ:
ԱՆԿԱՐԱՆ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՄ-ԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ. ԷՐԴՈՂԱՆ
Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ ԵՄ-ին հաշվետվություն ներկայացնել Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար: Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ բանակցում է բոլոր պետությունների հետ, և հիշեցրել՝ Եվրամիությունն արդեն 52 տարի է՝ խոչընդոտում է կառույցին Թուրքիայի անդամակցությունը։
Նա անդրադարձել է Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններին, մտահոգություն հայտնել՝ դրանք կատարյալ չեն:
«Պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեր գործակցությունն այդքան էլ լավ վիճակում չէ: Եթե F-16 կործանիչների հարցում ԱՄՆ-ի հետ արդյունքի չհասնենք, ինքներս մեր մասին հոգ կտանենք»,- ընդգծել է Էրդողանը:
Խոսելով Ուկրաինայի շուրջ զարգացումների մասին՝ նա կարծիք է հայտնել, որ բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, սակայն, նրա համոզմամբ, Վլադիմիր Պուտինը ցանկանում է հնարավորինս արագ վերջացնել ռուս-ուկրաինական հակամարտությունը:
Էրդողանն անդրադարձել է նաև Թուրքիայում ներքաղաքական զարգացումներին, վստահություն հայտնել, որ հաջորդ տարի միանշանակ կհաղթի նախագահական ընտրություններում, քանի որ այլընտրանք չի տեսնում։