Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ Եվրամիությանը հաշվետվություն ներկայացնել Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար:
Նա ընդգծել է, որ բանակցում է բոլոր պետությունների հետ, և հիշեցրել՝ Եվրամիությունն արդեն 52 տարի է՝ խոչընդոտում է կառույցին Թուրքիայի անդամակցությանը։
Էրդողանն անդրադարձել է Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններին՝ մտահոգություն հայտնելով, թե դրանք կատարյալ չեն. «Պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեր գործակցությունն այդքան էլ լավ վիճակում չէ: Եթե F-16 կործանիչների հարցում ԱՄՆ-ի հետ արդյունքի չհասնենք, ինքներս մեր մասին հոգ կտանենք»:
Խոսելով Ուկրաինայի շուրջ զարգացումների մասին՝ Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, սակայն, նրա համոզմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է հնարավորինս արագ վերջացնել ռուս-ուկրաինական հակամարտությունը:
Էրդողանն անդրադարձել է նաև Թուրքիայում ներքաղաքական զարգացումներին, վստահություն հայտնել, որ հաջորդ տարի միանշանակ կհաղթի նախագահական ընտրություններում, քանի որ այլընտրանք չի տեսնում։