Գերության մեջ հայտնվելուց հետո ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանի մահվան հանգամանքները միջպետական գանգատի միջոցով առանձին քննության առարկա կդառնան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Ադրբեջանը նրա դին հայկական կողմին էր փոխանցել սեպտեմբերի 17-ին՝ խոշտանգման հետքերով: Հրատապ միջոց կիրառելու՝ Հայաստանի դիմումների հիման վրա ՄԻԵԴ-ն Ադրբեջանին վերջնաժամկետ էր տվել և պարտավորեցրել Բաքվին՝ տեղեկություններ տրամադրել գերեվարված անձանց վերաբերյալ:
Լիպարիտ Դրմեյան (Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար) - Այս պահին ակնկալում ենք Եվրոպական դատարանից, որ մինչև սեպտեմբերի 22-ը տեղի ունեցածը հաշվի առնելով, այսինքն՝ գերեվարված անձի մահվան դեպքը հաշվի առնելով՝ նա ոչ թե կսպասի Ադրբեջանի պատասխանին, այլ հուսով ենք, որ այսօր կամ վաղը կունենանք որոշում միջանկյալ միջոցներ կիրառելու մասին Ադրբեջանի նկատմամբ:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Եվրադատարան է ներկայացրել համացանցում հայ զինծառայողների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական տեսանյութերի հայտնվելուց հետո: Դրանք անմիջապես ուղարկվել են Ստրասբուրգ՝ չսպասելով անձանց նույնականացմանը:
Լիպարիտ Դրմեյան - Որովհետև հապաղումը և նույնականացման գործընթացի ձգձգումը կարող էին լուրջ ռիսկեր առաջացնել անձանց իրավունքների խախտումների համար: Մենք մի փոքր փոխել ենք մարտավարությունը՝ հաշվի առնելով նախորդ փորձը, որ դատարանը պահանջի Ադրբեջանից, անկախ նրանից՝ նույնականացված է թե ոչ, տեղեկություն տա տեսանյութում երևացող անձի ճակատագրի վերաբերյալ: Մոտ 20 անձի և ավելիի մասին է, այս պահին հստակ չեմ կարող ասել, որովհետև տեսանյութերը վերլուծվոմ են, ճշտվում են մյուս կառույցների հետ:
Միայն տեսանյութերի և լուսանկարների հիման վրա դժվար է լինում անձանց նույնականացումը, քանի որ դրանք հիմնականում վատորակ են: Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը ծավալուն աշխատանք է իրականացնում պաշտպանական գերատեսչության, քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության հետ՝ նույնականացման տվյալները հնարավորինս արագ Եվրադատարան ներկայացնելու համար: Հայաստանը դիմել է նաև Արդարադատության միջազգային դատարան, որպեսզի ընդլայնվեն Ադրբեջանի դեմ 2021-ին կիրառած նախականխիչ միջոցները: Դրմեյանի խոսքով՝ մարդու իրավունքների խախտումների բոլոր փաստերը ուղարկում են ՄԻԵԴ և Հաագա:
Լիպարիտ Դրմեյան - Այս պահին դատարանից ունենք արձագանք, որ դիմումը ստացված է, քննարկման փուլում է գտնվում, զարգացումների մասին լրացուցիչ կհաղորդենք:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Հայաստանի առաջարկով հետաձգել է՝ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների կատարման հարցերի՝ այս օրերին նախատեսված քննարկումը: Այն նախատեսված էր 2020-ին, որը հետաձգվել էր 44-օրյա պատերազմի հետևանքով:
Լիպարիտ Դրմեյան - Թողնել ԵԽ նախարարների կոմիտեի առաջիկա նիստերին՝ ընդունեց կոմիտեն ու քարտուղարությունը, փաստացի հետաձգվեց:
Գանգատները վերաբերում են 90-ականների պատերազմին:
«Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով 6 փախստական բողոք էր ներկայացրել Լաչինի շրջանի իրենց տները վերադառնալու համար: «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հայ փախստականն էր բողոքել, որ Շահումյանի շրջանի իր տնից ստիպված հեռանալուց հետո մինչև օրս զրկված է վերադառնալու իրավունքից: