Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում՝ Երևան կատարած աշխատանքային այցից հետո հայտարարել են Արցախի խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչները:
Արթուր Հարությունյան (Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար) - Որոշումները կայացնելու է Արցախի ժողովուրդը՝ Արցախի իշխանությունների հետ, և Հայաստանի Հանրապետությունն այդ առումով սատար է կանգնելու Արցախի ժողովրդի ցանկացած որոշման:
Խորհրդարանականները Հայաստանի գործընկերների հետ քննարկել են հայկական երկու պետության շուրջ զարգացումները, հստակեցրել կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները: Ստեղծված իրավիճակում պետք է համախմբվեն բոլոր կարող ուժերը՝ իշխանությունն ու ընդդիմությունը միակարծիք են:
Սեյրան Հայրապետյան (Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ներկայացուցիչ) - Հայաստանի անվտանգության բանալին նաև Արցախում է: Մենք պետք է հույս դնենք մեզ վրա, և այդ դեպքում կտեսնենք, որ մեր գործընկերները, դաշնակիցները նույնպես մեզ վերաբերվում են արժանապատվորեն: Ու միասին, համախմբված ուժերով դուրս կգանք այս իրավիճակից:
Դավիթ Մելքումյան (Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար) - Պետք է օգտագործենք մեր բոլոր ռեսուրսները: Առաջնային եմ համարում մարդկային ռեսուրսները. մենք ունենք մարդիկ, ովքեր ճանապարհ են անցել: Եվ կարծում եմ, որ հիմա ժամանակը չէ տարանջատելու:
Արցախի խորհրդարանի պատգամավորները հանրությանը սթափության և զգոնության կոչ են անում: Իրենց օրինակով են հավաստիացնում՝ շատ դեպքերում տարբեր դիրքորոշում ունեն, բայց ո՛չ երկրի անվտանգության հարցում:
Արթուր Մոսիյան (Արցախի ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար) - Ոչ թե մեկի շուրջ և այլն, այլ համախմբվել ենք ընդհանուր խնդրի և դրա լուծման շուրջ: Եվ այս իմաստով խորհրդարանական մեր բոլոր խմբակցությունները միասնական են, միակամ են:
Դավիթ Գալստյան (Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար) - Զգոն եղեք, երբ որ հասունանա, երբ կտեսնենք, որ վտանգը մոտ է արդեն, կարողանանք համատեղ, միասնական ուժերով պայքարել և հաղթահարել այդ չարիքը:
Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հարցը շարունակում է օրակարգում մնալ,-ասում են Արցախի պատգամավորները: Այս փուլում, սակայն, առաջնային են համարում անվտանգային հարցերը: