Ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքինիշխան տարածքից, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ՝ Նահանգներում ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Սեպտեմբերի 13-ին հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա Ադրբեջանի բանակի ձեռնարկած ագրեսիվ հարձակումից հետո սա Միրզոյան-Բայրամով առաջին հանդիպումն է՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ:
Եռակողմ հանդիպումը, լրատվամիջոցների փոխանցմամբ, մոտ 1 ժամ է տևել, անցել դռնփակ ռեժիմով: Քննարկմանը, ըստ ԱԳՆ հաղորդագրության, Միրզոյանը շեշտել է, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի է, և ընդգծել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման կարևորությունը, նաև վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։
ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՍՆԵԼ ՏԵՎԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ. ԲԼԻՆՔԵՆ
Ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն, իսկ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ՝ այս կոչով էլ երկու երկրների գլխավոր դիվանագետներին դիմել է պետքարտուղար Բլինքենը:
Էնթոնի Բլինքեն (ԱՄՆ պետքարտուղար) - Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ վերջին զրույցներում նրանք ինձ ասացին, որ պատրաստ են խաղաղության։ Դիվանագիտական կայուն ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է բոլորի համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները չեն կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Կարծում եմ՝ հնարավոր է հասնել տևական խաղաղության:
Ողջունում ենք ռազմական գործողությունների դադարեցումը, գոհունակությամբ նշում ենք, որ վերջին օրերին լրացուցիչ միջադեպեր չեն եղել։
Նախարարների հետ բանակցություններից առաջ Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել կողմերին դիվանագիտական ճանապարհով կարգավորել իրավիճակը: Նա ցավակցել է զոհերի կապակցությամբ և ընդգծել հետագա ռազմական գործողությունների կանխման անհրաժեշտությունը, խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը:
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի խոսքով՝ կողմերը քննարկել են հետագա քայլերը, Բլինքենը Միրզոյանին և Բայրամովին կոչ է արել կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ:
ՄԻՐԶՈՅԱՆՆ ԸՆԴԳԾԵԼ Է ՀԱՍՑԵԱԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում, արտգործնախարարը հանդիպել է նաև ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Արարատ Միրզոյանը շեշտել է՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղեկցվել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ վայրագություններով ու խոշտանգումներով։
Խստորեն դատապարտելով պաշտոնական Բաքվի վարքագիծը՝ նախարարը հատուկ ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ հստակ և հասցեական արձագանքի կարևորությունը, նաև կազմակերպության շրջանակում առկա մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ կարևոր է համարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը հակամարտության տևական և համապարփակ լուծման նպատակով։
Նախարար Միրզոյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի հումանիտար խնդիրներին՝ մատնանշելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱԹԱՐՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանը խաթարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացները՝ սա էլ Արարատ Միրզոյանը նշել է Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ նախագահ Զբիգնև Ռաուի հետ հանդիպմանը: Նա այս դեպքում էլ առանձնահատուկ կարևորել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ նախագահության կողմից թիրախային ու հստակ դատապարտման կարևորությունը, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում: