ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
«Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում առկա լարվածությունը: Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության աջակցությանը և օգնում է հասնել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի զարգացումները: Նշվում է, որ պետքարտուղարը բարձր է գնահատել Թուրքիայի դիվանագիտական ջանքերը Սև ծովով ուկրաինական հացահատիկի մատակարարումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: