Providence ամերիկյան ամսագիրն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիային, որը, ըստ աղբյուրի, 2020 թ. Արցախի դեմ հարձակման շարունակությունն է:
Թուրք լրագրող Ուզայ Բուլուտը հիշեցրել է, որ հայերի դեմ կռվում Թուրքիան ամբեղջովին աջակցում է Ադրբեջանին, ավելին՝ նաև սիրիացի ջիհադականներ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու։
«Ճիշտ այնպես, ինչպես Թուրքիան անիրավացիորեն պնդում է, թե Էգեյան ծովի հունական կղզիները և Կիպրոսը թուրքական տարածք են, Ադրբեջանն անիրավացիորեն պնդում է, թե Արցախը և նույնիսկ Հայաստանը, ներառյալ՝ մայրաքաղաք Երևանը, ադրբեջանական տարածք են»,- նշված է հոդվածում:
Հեղինակը հիշեցրել է նաև, որ ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան միասին նշեցին հայերի դեմ ցեղասպան պատերազմում հաղթանակը, նույն կերպ Թուրքիան վերջերս տոնեց 1922 թ. Զմյուռնիայում հույների ու հայերի ցեղասպանությունը, որն, ըստ թուրքական պատմագրության, պարզապես «հաղթանակ էր հույն զավթիչների նկատմամբ»:
Բուլուտը նշել է, որ հույների ու հայերի դեմ թուրքական ագրեսիան երկար պատմություն ունի: «Բնիկ քրիստոնյաների դեմ թուրքական բռնությունը՝ ներշնչված իսլամական ջիհադով և թուրքիստական էքսպանսիոնիզմով, սկսվել է տասնմեկերորդ դարում, Կենտրոնական Ասիայից թուրքական բանակների ներխուժմամբ Արևելյան Անատոլիա կամ Հայկական լեռնաշխարհ, որն այն ժամանակ գտնվում էր Բյուզանդական կայսրության սահմաններում: Պատմության ընթացքում թուրքական իշխանությունները բնիկ քրիստոնյաների նկատմամբ ագրեսիայի և հետապնդումների քաղաքականություն են վարել: Դրանց գագաթնակետը հույների, հայերի և ասորիների ցեղասպանությունն էր Օսմանյան Թուրքիայում 1913-1923 թվականներին, որը Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան նույնպես որպես ցեղասպանություն է ճանաչում»,- նշված է հոդվածում։
Հեղինակը հայերի և հույների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության պատճառը համարում է միջազգային հանրության ոչ բավարար արձագանքը Թուրքիայի իրականացրած ցեղասպանություններին. «Ցեղասպանության ժխտումը նշանակում է ցեղասպանության շարունակություն»։
Բուլուտի կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար։ Հունաստանի, Հայաստանի, Կիպրոսի, Իրաքի, Սիրիայի ժողովուրդներին և նույնիսկ սեփական կառավարությունից թուրք ժողովրդի անվտանգությունը կախված է Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների անօրինական գործողությունների անպատժելիության դադարեցումից։