Կառավարությունը սեպտեմբերի 16-ի նիստում հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
Սովորաբար դա արվել է նոյեմբերի վերջին օրերին: Այս անգամ ցանկը ավելի շուտ հաստատելու անհրաժեշտություն կար, որովհետև դիմորդներն արդեն կարող են միասնական քննություն հանձնել ոչ միայն հունիս-հուլիսին, այլև հունվար-փետրվարին ու ընտրել այն միավորը, որն ավելի բարձր է: Տարեսկզբին միասնական քննություն հանձնելու իրավունք ունեն նաև 12-րդ դասարանը դեռ չավարտած սովորողները:
Ֆլորա Հովհաննիսյան (Երևանի համար 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ) - Ես այն օգտագործելու եմ որպես փորձ:
Ֆլորան մտադիր է ընդունվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, մասնագիտությունը՝ ծրագրավորում: Կարծում է՝ հունվարին էլ կարելի է ցանկալի միավորը ստանալու չափ պատրաստ լինել քննությանը, բայց եթե չէ.
Ֆլորա Հովհաննիսյան - Ընդունելության համար մեծ նշանակություն կունենա, և ես ծանոթ կլինեմ թեմաներին, թե ինչ է լինելու այնտեղ:
Մանե Առաքելյան (Երևանի համար 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ) - Երբ դիմորդն իմանում է, որ երկու հնարավորություն ունի, այդքան սթրեսի չի ենթարկվում ու չի լարվում:
Նույն դասարանում սովորող Մանեն Բրյուսովի անվան պետական համալսարանում թարգմանչի որակավորում ստանալու մտադրություն ունի: Հիմա առավելագույնս աշխատում է, որ տարեսկզբին ստացած գնահատականները գոհացնող լինեն և ամռանը չմասնակցի ընդունելության քննությանը:
Բուհերի մասնագիտությունների ցանկում այս տարի որոշակի փոփոխություն կա: Այժմ հնարավոր է պատրաստել միանգամից երկու առարկա դասավանդող ուսուցիչ: Նման ծրագրեր ունի երկու համալսարան:
Լուսինե Գրիգորյան (ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ) - Մասնավորապես վերաբերում է հարցը լեզուներին: Բրյուսովի անվան համալսարանում նախաձեռնել են նոր ուսումնական պլաններ նոր կրթական ծրագրեր բացելու համար: Դրանք են անգլերեն-ֆրանսերեն, անգլերեն-գերմաներեն, անգլերեն-ռուսերեն, ռուսերեն-գերմաներեն, ռուսերեն-ֆրանսերեն և չինարեն և գրականություն:
Նման կրթական ծրագիր ունեցող մյուս բուհը Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն է:
Լուսինե Գրիգորյան - Երկու առարկայի ուսուցիչ պետք է պատրաստի բուհը, մասնավորապես կենսաբանություն-քիմիա, աշխարհագրություն-բնագիտություն:
Բուհ ընդունվելու երկու հնարավորությունը հեռակայի դիմորդներին դեռ չի վերաբերում: Այս տարվա արդյունքները ամփոփելուց հետո կքննարկվի՝ միգուցե առկա և հեռակա համակարգերում ընդունելության առանձին կարգեր այլևս չլինեն:
Դիմորդները տարվա մեջ երկու անգամ հանձնելով միասնական քննություններ, արդյունքները օգտագործեն կա՛մ առկա, կա՛մ հեռակա ընդունելության համար, մինչև ուժի մեջ կմտնի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, և առկա ու հեռակա ուսուցման ձևերին փոխարինելու կգան լրիվ և մասնակի բեռնվածությամբ կրթության կազմակերպման ձևերը, իսկ մրցույթ անցկացնելու իրավասությունը կտրվի բուհերին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան