Սեպտեմբերի 18-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Ֆուկուշիմա պրեֆեկտուրայի Մինամիայձու քաղաքում անցկացվեց հայկական մշակույթի փառատոն, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության օրվան, ինչպես նաև ՀՀ-ի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Փառատոնի շրջանակներում կայացավ հայ և ճապոնական փոխանակումներին նվիրված համերգ, ինչպես նաև ներկայացվեցին Հայաստանի պատմությանը, զբոսաշրջությանը և մշակույթին վերաբերող տարբեր նյութեր, Ճապոնիա ներկրվող հայկական ապրանքներ և այլն:
Համերգի ընթացքում հնչեցին Ա. Խաչատրյանի, Կոմիտասի ստեղծագործությունները, ինչպես նաև տեղական երգչախմբի կողմից կատարվեց «Էրեբունի-Երևան» երգը:
Մինամիայձուն Տոկիո 2020-ի ժամանակ Հայաստանի պատվիրակությանը հյուրընկալող քաղաքն է (host town), որի հետ ձևավորվել են ջերմ և բարիդրացիական հարաբերություններ:
Միջոցառման ավարտից հետո քաղաքապետարանի կազմակերպած ընդունելությանը ելույթով հանդես եկավ դեսպան Արեգ Հովհաննիսյանը: ՀՀ դեսպանը նշեց, որ սեպտեմբերի 12-13-ը Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիայի պայմաններում գուցե նպատակահարմար էր հետաձգել միջոցառումը, սակայն, հաշվի առնելով, որ Ադրբեջանի գործողությունները միտված են վերացնելու նաև հայկական մշակույթը և վերջինիս բոլոր դրսևորումները լայն իմաստով, վերոնշյալ փառատոնը անհրաժեշտ էր անցկացնել՝ ի հակազդումն Ադրբեջանի հիշյալ մտադրություններին և վերջինիս հայատյաց քաղաքականությանը՝ փաստելով, որ հայ ժողովուրդը հազարամյակներով ապրել և ստեղծել է մշակութային արժեքներ, որոնք բարձր են գնահատվում աշխարհի բոլոր անկյուններում, և միջոցառումը գալիս է փաստելու, որ անկախությունն ու ինքնիշխանությունը հայ ժողովրդի համար մնալու են բարձրագույն արժեքներ:
Արեգ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց համերգի երաժիշտներ Մայուկո Կացումուրային (ջութակ), Յոսուկե Նիինոյին (դաշնամուր) և Կազուհիրո Միյամուրային (հոբոյ), փառատոնի կազմակերպիչներ Հիրո Օգուրային և Մանաբու Ֆուկուիին, միջոցառման հովանավոր Japan Tobacco ընկերությանը, Մինամիայձու քաղաքի ղեկավարությանը՝ համերգի կազմակերպման համար, ապա Մինամիայձուի քաղաքապետ Մասայոշի Վատանաբեին նվիրեց հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող հուշանվեր: