Շինտեխնիկան Դիլիջանում է սեպտեմբերի սկզբից: Հիմնանորոգվում է քաղաքի ամենաերկար փողոցը: Մեկնարկել է այս տարվա համար նախատեսված սուբվենցիոն 4 ծրագրերից առաջինը:
Դավիթ Սարգսյան (Դիլիջանի համայնքապետ) - Ամենամեծը՝ 2,5 կմ ճանապարհահատվածի վերանորոգումը Մյասնիկյան փողոցի, մյուս երեքը՝ Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցն ա, մշակույթի տունը և Կամարին-Օրջոնիկիձեի փողոցի տուֆապատում:
Ծրագրերի մոտ 1.5 մլրդ դրամ ընդհանուր արժեքի 722 մլն-ից ավելին բաժին է ընկնում այս ճանապարհին: Շինարարությունը միաժամանակ ընթանում է մի քանի հատվածներում:
Գևորգ Փոստոյան («Կապավոր» ընկերության տեղամասի պետ) - Հիմնականում ճանապարհի որոշ հատվածներ քանդվում ա, լրիվ շերտը հանվում ա, տեղադրվում ա ավազակոպիճ, շեբին՝ 20 սմ հաստությամբ, 10 սմ ասֆալտբետոն: Ճանապարհը ունի 8-12 մ լայնացում, տեղ կա՝ լայն ա, տեղ կա՝ նեղ ա: Ունենք տեղադրելու մոտ 3 հազար գծամետր եզրաքար, մոտ 5600 գծամետր մայթ՝ իհարկե, գունավոր սալիկներով:
Կենտրոնական և բանուկ փողոցի մոտ 100 մետրը երթևեկի համար տևական ժամանակ ամենավտանգավոր հատվածն էր: Մայթը մնացել էր հողահոսքի տակ, և սողանքը սպառնում էր արդեն ճանապարհին:
Գևորգ Փոստոյան - Կատարվում ա հիմքի նորոգում, 1.60 լայնությամբ, 80 սմ խորությամբ, 2․5 մ բարձրությամբ հենապատ ա լինելու, որ կարողանանք հասնել հողի վերին մակարդակին՝ 40 սմ լայնությամբ, ամրանային ցանցերով:
Շինարարական աշխատանքներում ընդգրկված է նաև 15-ից ավելի տեղաբնակ:
Աշոտ Թամամյան (Դիլիջանի բնակիչ) - Շատ լավ ա, որ շինարարություն կա, եկել ենք էստեղ աշխատելու: Աշխատում ենք, որ ամենալավը լինի:
Ասում են՝ գործին խանգարում է միայն մեքենաների ինտենսիվ երթևեկը: Շինարարների հավաստմամբ՝ եթե եղանակը բարեհաճ լինի, կավարտեն նախատեսված ժամկետում՝ նոյեմբերի վերջին: