Սեպտեմբերի 17-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Վերսալ քաղաքում մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի և հանուն Ֆրանսիայի զոհված հայ մարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի 10-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին Վերսալի քաղաքապետ Ֆրանսուա դը Մազիերը, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր վարդապետ Գրիգոր Խաչատրյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Շառլ Ռոդվելը, Հայազգի նախկին մարտիկների և Դիմադրության շարժման մասնակիցների ազգային ասոցիացիայի (ANACRA) նախագահ Անտուան Բաղդիկյանը, ինչպես նաև ֆրանսիական տեղական իշխանությունների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
Դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց Վերսալի քաղաքային իշխանություններին՝ հայ-ֆրանսիական բազմադարյան բարեկամությանն ուղղված շարունակական ջանքերի համար։ Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունից շուրջ մեկ դար անց հայ ժողովուրդը վերստին, իր պատմական բնօրրանում, կանգնած է գոյութենական սպառնալիքի առջև։
Ադրբեջանը, համարժեք միջազգային գնահատական չստանալով Արցախի դեմ 2020 թվականի պատերազմի սանձազերծման և գործած վայրագությունների ու ռազմական հանցագործություններին համար, վերջին օրերին կրկին ոտնձգություններ է իրականացրել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ՝ ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածք։
Այս համատեքստում դեսպանը կարևորեց միջազգային հանրության հասցեական գնահատականների և համարժեք հակազդեցության անհրաժեշտությունը՝ Բաքվի ռազմատենչ և ծավալապաշտական քաղաքականությունը զսպելու նպատակով։