ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիների կարիքները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ստեղծված «Առաջնային կարիքի հավաքագրման հարթակի» միջոցով շարունակում են գույքագրվել և բավարարվել։
Թեպետ պատասխանատու գերատեսչությունների կողմից տարածված հայտարարություններին այն մասին, որ այս պահին առկա ռեսուրսները բավարար են, այնուամենայնիվ, մի շարք սոցիալական նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ հավաքագրել են որոշ աջակցություն կամ ունեն ռեսուրսներ, որոնք ուզում են ծառայեցնել որպես օգնություն։
Այսպիսով, առկա ռեսուրսները գույքագրելու և դրանց հետագա կիրառումը պլանավորելու նպատակով` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ», որը ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հնարավորություն կտա մեկտեղել ռեսուրսները՝ դրանք գրանցելով համակարգում։
Հավաքագրված տվյալները հասանելի կլինեն մարզպետարանների, ՏԻՄ-երի և ԱՍՀՆ-ի համար` ըստ անհրաժեշտության աջակցությունը համակարգելու և ըստ նպատակի տրամադրելու համար:
Համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության
www.socservice.am պաշտոնական կայքի «Սոցիալական աջակցություն» բաժին և ընտրել «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» պատուհանը։
Համապատասխան դաշտերում պահանջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցում» կոճակը, որից հետո աջակցություն առաջարկողի օգտահաշվի ակտիվացման տվյալները կուղարկվեն նշված էլեկտրոնային հասցեին․ հաղորդագրությունն ստանալուց հետո անհրաժեշտ է սեղմել նամակում առկա հղումը:
«Օգտահաշիվը ակտիվացնելուց և համակարգ մուտք գործելուց հետո աջակցություն առաջարկող անձը կամ կազմակերպությունը հնարավորություն կունենա լրացնել առաջարկվող աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը։ Այս դեպքում անհրաժեշտ է սեղմել «Ավելացնել» կոճակը, բացված ձևաթղթում լրացնել պահանջվող բոլոր տվյալները, ապա ընտրել «Հաստատել» սեղմակը: Մեկից ավելի մարզերում աջակցություն տրամադրելու դեպքում անհրաժեշտ է սեղմել «Կանաչ պլյուս» կոճակը և կրկնել նույն գործողությունները։
«Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզի» միջոցով համատեղ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ պատրաստ ենք լսել սոցիալական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկներն ու դիտարկումները»,- նշված է հաղորդագրության մեջ։