Ավտոմեքենաների առք-վաճառքը կենտրոնացնել մեկ վայրում, ազատել մայթեզրերն ու բակերը նոր տեր փնտրող մեքենաներից: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի՝ 2021-ի հունվարի փոփոխությամբ կարգավորվում է ավտոմեքենաների առք ու վաճառքի ոլորտը: Այս ամիս կառավարությունը սահմանեց չափորոշիչները, թե երբ դրանք կսկսեն կիրառվել՝ դեռ չի հստակեցվում, բայց նախատեսվում է մեկ վայրում կենտրոնացնել ոչ միայն վաճառվող ավտոները, այլև հաշվառման ու մաքսազերծման համար անհրաժեշտ բոլոր կառույցների ներկայացուցչությունները:
Արմեն Սիմոնյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Ավտոշուկան պետք ա առնվազն ունենա 5 հա տարածք, կարող է լինել ավելի մեծ, իր բոլոր շենք-շինություններով, այդ շենք-շինությունները բոլորը պետք է համապատասխանեն քաղաքաշինական նորմերին և ստանդարտներին:
Պետք է նաև լինեն օրենքով գծանշումներ, որոշ հատվածներում ծածկեր, սննդի կետ: Ավտոշուկայի այս մոդելը մեր գերատեսչությունը չի մշակել, դա միջազգային ստանդարտ է՝ հավաստիացնում է փոխնախարարը: Կառավարության գնահատմամբ դրական փոփոխությունների մասին «Լուրերը» զրուցեց ավտոներկրողների հետ, կարծում են՝ բազմաթիվ խնդիրներ կան:
Հարություն Մովսիսյան (ավտոներկրող) - Ես մոտավորապես 10 տարի ա՝ կանգնում եմ էս շուկայում, ժամանակներ ա եղել, որ ես գումար չեմ ունեցել դաժը վճարելու մեքենայի շաբաթական վարձը, ինձ ընդառաջել են, իսկ քո ասած 5 հա տերերը ինձ զոռով ստիպելու են, եթե ես եկա տեսա՝ ստեղ սենց շուկա չկա, միանշանակ ես էթալու եմ կանգնեմ, իմ դռան դեմը, ու ինձ շուկան հետաքրքիր չի լինելու:
Շարունակում են, ճանապարհային ոստիկանությունը էրեբունու շուկային մոտ է, բացի այդ, բոլորը գիտեն այժմյան ավտոշուկայի տեղը, փոփոխությունը կվնասի թե՛ վաճառողին, թե՛ գնորդին: Ճիշտ է, նոր շուկաների գնային սանդղակներին ծանոթ չեն, բայց ենթադրում են, որ առնվազն 10 հազար դրամ կլինի շաբաթական վճարը, այստեղ իրենք 1000-ով են կանգնում:
Հարություն Մովսիսյան - Ես էդ 10 հազարի փոխարեն «Լիստում» 3000 դրամ կլիցքավորեմ, թոփ կսարքեմ, կվաճառեմ իմ մեքենան, ինչի՛ մասին ա խոսքը:
Փոխնախարար Սիմոնյանը վստահեցնում է, որ երեք անգամ հանդիպում են ունեցել ներկրողների ու շուկաների սեփականատերերի հետ, անհանգստության պատճառն այլ է եղել:
Արմեն Սիմոնյան - Իրենց մտահոգությունը հիմնականում եղել է, որ հանկարծ մոնոպոլ դաշտ չստեղծվի, բայց մենք իրենց ներկայացրել ենք, որ ցանկացած ոք, որը կհամապատասխանեցնի այդ չափորոշիչներին, այդ ժամանակ չափորոշիչները հանրային քննարկման էին դրված, իրենք նույնպես կարող են նմանատիպ ստանդարտներով շուկա կազմակերպել:
Սիմոնյանի տվյալով՝ Էրեբունու ավտոշուկայի տարածքում 8 կազմակերպություն է գործում, տարածքները առանձին-առանձին 5 հա-ից փոքր են, բայց կարող են միավորվել և մեծ ավտոշուկա կառուցել՝ առաջարկում է փոխնախարարը:
Արմեն Սիմոնյան - Թող բերեն ասֆալտապատեն, գծանշեն, գեղեցիկ շենքեր կառուցեն, համապատասխան վայր՝ մարդկանց սպասարկելու համար, իրենց գործունեությամբ զբաղվեն, ոչ ոքի դուր չի գալիս, կներեք՝ այդ հողի վրա կանգնած էդ փնթի վիճակը՝ արևի տակ կանգնած: Եթե իրենց դուրը գալիս է, մեր դուրը չի գալիս:
Մանուկ Հայրապետյան (ավտոներկրող) - Եղել ա՝ վիրուսի ժամանակ տարիներով չենք աշխատել, մի հատ ավտո չենք ծախել, չենք բողոքել, մարդիկ մեզ հասկացել են, տեղ են տվել, դրա համար ուզում ենք հինը պահպանենք, փորձած թանը անփորձ մածունից լավ ա:
Առաջարկում են տարածքային սահմանափակումը հանել, թույլ տալ շուկա կառուցել թե՛ 5, թե՛ 1 հեկտարում, այդ պարագայում, կարծում են՝ գործը չի տուժի: 5 հեկտարը պատահական չի ընտրվել՝ ասում է Սիմոնյանը:
Արմեն Սիմոնյան - Որպեսզի շենք-շինություններով և գոնե 2000-2500 մեքենա կարողանան միաժամանակ էդ շուկայում գտնվեն, հաշվի առնելով տարբեր չափորոշիչներ՝ այդ չափն է ընտրվել: Դա, առնվազն հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մեր մոտից բավականաչափ շատ մեքենաներ են ձեռք բերում, աճ ունենք մեքենաների վաճառքի:
Սիմոնյանը հիշեցնում է՝ ո՛չ տարածքային, ո՛չ քանակական սահմանափակում Կառավարությունը չի դրել, ավտոշուկաներ կարող են լինել Երևանում և ցանկացած այլ բնակավայրում՝ անսահմանափակ քանակով, միայն թե լինեն չափանիշներին համապատասխան: Մինչև չափորոշիչների ուժի մեջ մտնելը Էրեբունուց վաճառողներին չեն հանի, բայց գործընթացը սկսվել է, և չեն պատրաստվում կիսատ թողնել՝ եզրափակեց փոխնախարարը: