ՊԵՍԿՈՎԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՓԵԼՈՍԻԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայունացմանն ուղղված ցանկացած քայլ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Երևան:
«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով է, այլ գործով, և ոչ բարձրաձայն, ոչ պոպուլիստական, այլ անաղմուկ և գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը և սահմանին իրավիճակի կայունացմանը»,- շեշտել է Դմիտրի Պեսկովը՝ հավելելով՝ ժամանակի հետ ամեն ինչ պարզ կդառնա:
ԻՐԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Իրանի խորհրդարանը սեպտեմբերի 21-ի արտահերթ նիստում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հարցը: Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ ակնկալվում է շատ կարևոր քննարկում։ Վահիդ Ջալալզադենի խոսքով՝ Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, արտաքին գործերի նախարարությունը և խորհրդարանը ցանկանում են լրջորեն զբաղվել այս հարցով:
ԻՐԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՍՏԱԿ ԵՆ. ՔԱՆԱՆԻ
Իրանի անկեղծ ու հստակ դիրքորոշումը հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ պաշտոնապես բազմիցս արտահայտվել է տարբեր մակարդակներով, և որևէ երկիմաստություն չկա, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին։
«Հիմնվելով հարևանության քաղաքականության վրա և փորձելով կառուցողականորեն օգնել տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորմանը՝ Իրանը ձեռնարկել է քաղաքական ջանքեր»,- նշել է Քանանին։
Իրանի ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ, որի ընթացքում նախագահ Ռայիսին հայտնել է Իրանի տեսակետներն ու դիրքորոշումները խնդրի առնչությամբ և հայկական կողմին փոխանցել իր քաղաքական առաջարկները։ Նա հավելել է, որ Իրանի և Ադրեջանի ԱԳ նախարարները ևս հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են խնդիրը։
«Իրանի սկզբունքային դիրքորոշումները հստակ են, և մենք հավատում ենք հակամարտությունները դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և քաղաքական երկխոսությանմբ լուծումներ գտնելու անհրաժեշտությանը»,- նշել է Քանանին։
ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԲԱՅԴԵՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Վաշինգտոնը կմիջամտի, եթե Չինաստանը ներխուժի Թայվան, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS-ին տված հարցազրույցում։ Լրագրողն ԱՄՆ նախագահին խնդրել է պարզաբանել, թե արդյոք նա նկատի ունի, որ, ի տարբերություն Ուկրաինայի, ԱՄՆ-ի ուժերը կպաշտպանեն Թայվանը չինական ներխուժման դեպքում, Բայդենը պատասխանել է՝ այո: Սպիտակ տան առաջնորդը միևնույն ժամանակ հիշեցրել է.
«Մենք համաձայն ենք այն ամենի հետ, ինչ ստորագրել ենք տարիներ առաջ, որ գոյություն ունի մեկ Չինաստանի քաղաքականություն, և որ Թայվանն ինքն է որոշում իր անկախությունը»:
Բայդենի հայտարարությանը Չինաստանի պատասխանը չի ուշացել: Չինաստանի ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ չինական կողմը իր խիստ «բողոքն» է հայտնել Վաշինգտոնին: Մաո Նինգը նշել է, որ Չինաստանն իրավունք է վերապահում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել՝ ի պատասխան այնպիսի գործողությունների, որոնք պառակտում են ազգը։
Այս ֆոնին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Նիկոլայ Պատրուշևը և Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պայմանավորվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման շուրջ: Քննարկվել Է աֆղանական, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ Կորեական թերակղզու և Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը: Զրուցակիցներն անհանգստություն են հայտնել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից տարածաշրջանում ստեղծված լարվածության կապակցությամբ:
ԱՆԿԱՐԱՆ ՉՊԵՏՔ Է ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԱՐԿԻ ՄՈՍԿՎԱՅԻՆ. ԽՈՍՆԱԿ
Թուրքիան, որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, պետք է համակարգի իր արտաքին քաղաքականությունը Բրյուսելի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում, հայտնել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելի խոսնակը: Պետեր Ստանոն հավելել է.
«Անկարան ԵՄ պատժամիջոցները շրջանցելու հարցում չպետք է լուծումներ առաջարկի Մոսկվային»:
ԱՎԱՐՏՎԵԼ Է ԵՂԻՍԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴԻՆ ՀՐԱԺԵՇՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Լոնդոնի կենտրոնում գտնվող Վեսթմինսթերյան աբբայությունում ավարտվել է Եղիսաբեթ II թագուհուն հրաժեշտի արարողությունը, որին ներկա են եղել հարյուրավոր օտարերկրյա առաջնորդներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Հազարավոր մարդիկ հավաքվել են Լոնդոնի կենտրոնում՝ մասնակիցը լինելու պատմական արարողությանը: Թագուհու աճյունը կամփոփվի Վինձորի ամրոցի տարածքում գտնվող թագավոր Ջորջ Վեցերորդի մատուռում։