Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և հետ քաշել զորքերը։ Բլինքենը Թվիթերում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների դադարեցումը։ Նա Ալիևին կոչ է արել աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի միջև բոլոր չլուծված հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու ուղղությամբ։
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԸ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել Հայաստան-Ադրբեջան սահմանին պահպանել հրադադարը՝ հիշեցնելով, որ Վատիկանում շարունակում են աղոթել խաղաղության համար ցանկացած հողում, որը ողողված է պատերազմի արյունով:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապ - Ցավում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին մարտերի կապակցությամբ: Իմ հոգևոր կարեկցանքն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և կողմերին կոչ անում հարգել հրադադարը։ Չմոռանանք, որ խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ զենքերը լռում են, և երկխոսություն է սկսվում։
ԱՇԽԱՐՀԸ ԲԱԽՎՈՒՄ Է ԼՐՋԱԳՈՒՅՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ. ԳՈՒՏԵՐԵՇ
Աշխարհը բախվում է լրջագույն մարտահրավերների, պետք է անհապաղ հաղթահարել պառակտումները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանից առաջ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Անտոնիու Գուտերեշի խոսքով՝ աշխարհաքաղաքական ցավալի իրադարձություններին, կլիմայի փոփոխությանը, համաճարակներին և անհավասարության բարձր մակարդակին պետք դիմագրավել միասնությամբ: «Մեզ համագործակցություն ու երկխոսություն է պետք»,- շեշտել է Գուտերեշը: ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված հարցազրույցի ժամանակ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել, որ կլիմայի փոփոխության թեման դուրս է եկել աշխարհի գերտերությունների առաջնահերթություններից, ինչը նման է ինքնասպանության:
ԲԱՅԴԵՆԸ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԵՎ ԹԱՅՎԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Վաշինգտոնը կաջակցի Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը: «Ուկրաինայի պատերազմում հաղթելը կնշանակի Ռուսաստանին ամբողջությամբ դուրս հանել Ուկրաինայից և ստիպել ճանաչել նրա ինքնիշխանությունը»,- հայտարարել է Ջո Բայդենը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն այնքան էլ ամենակարող չէ, ինչպես շատերն էին կարծում:
Ջո Բայդենը CBS-ին տված հարցազրույցում նաև շեշտել է՝ ԱՄՆ-ն կպաշտպանի Թայվանին, եթե Չինաստանը հարձակում գործի: Լրագրողն ԱՄՆ նախագահին խնդրել է պարզաբանել, թե արդյոք նա նկատի ունի, որ ի տարբերություն Ուկրաինայի, ԱՄՆ-ի ուժերը կպաշտպանեն Թայվանը չինական ներխուժման դեպքում, Բայդենը պատասխանել է՝ այո: Սպիտակ տան առաջնորդը միևնույն ժամանակ հիշեցրել է. «Մենք համաձայն ենք այն ամենի հետ, ինչ ստորագրել ենք տարիներ առաջ, որ գոյություն ունի մեկ Չինաստանի քաղաքականություն, և որ Թայվանն ինքն է որոշում իր անկախությունը»: ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության փորձը կարող է ոգեշնչել Չինաստանին հարձակվել Թայվանի վրա:
Պաշտոնական Պեկինը արձագանքել է Բայդենի հայտարարությանը: Չինաստանի ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ չինական կողմը իր խիստ «բողոքն» է հայտնել Վաշինգտոնին:
«Չինաստանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան այն գործողությունների, որոնք պառակտում են ազգային միասնությունը»,- հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը:
ՌԱՅԻՍԻՆ ԱՆՀԻՄՆ Է ՀԱՄԱՐԵԼ ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ
CBS-ի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում Իրանի նախագահն անդրադարձել է միջուկային բանակցություններին: Էբրահիմ Ռայիսին հավելել է, որ Իրանը լրջորեն է տրամադրված արդար համաձայնության հասնելու հարցում, սակայն այս համաձայնագիրը պետք է երաշխիքներ ներառի, որ ԱՄՆ-ն հերթական անգամ դուրս չի գա դրանից:
Միջուկային ծրագրի վերաբերյալ Ռայիսին հայտարարել է, որ այն կիրառվում է բժշկական նպատակներով, ինչպես նաև գյուղատնտեսության, նավթի ու գազի ոլորտներում: Ատոմային ռումբ ստեղծելու մասին Արևմուտքի պնդումների վերաբերյալ Ռայիսին նշել է, որ դրանք անհիմն են: «Իրանը բազմիցս հայտարարել է, որ ատոմային ռումբը տեղ չունի իր պաշտպանական դոկտրինում»,- շեշտել է Իրանի նախագահը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԱՄՆ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին Ռայիսին ասել է, որ այդ հանդիպումը անօգուտ է համարում։ Իրանի նախագահը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։ Ռայիսին ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի նիստում և կհանդիպի մի շարք, այդ թվում՝ եվրոպական երկրների ղեկավարների հետ։
ԱՎԱՐՏՎԵԼ Է ԵՂԻՍԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴԻՆ ՀՐԱԺԵՇՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Լոնդոնում ավարտվել է Եղիսաբեթ Երկրորդի թագուհուն հրաժեշտի արարողությունը։ Երեկ տաբեր երկրների առաջնորդներ մեկնել են Լոնդոն՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին վերջին հրաժեշտը տալու համար: Հուղարկավորությանը մասնակցել են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի նախագահները: Արարողությանը ներկա է եղել նաև Հայաստանի նախագահը: Թագուհու հուղարկավորությունը տեղի կունենա այսօր Վեսթմինսթերյան աբբայությունում, որտեղ թագադրվել են բրիտանացի թագավորներն ու թագուհիները, իսկ 1947 թվականին Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ամուսնացել է արքայազն Ֆիլիպի հետ։ Մեծ Բրիտանիայում այսօր հայտարարված է հանգստյան օր։ Պատարագը կհեռարձակվի հեռուստատեսությամբ, որին կմասնակցեն նաև բրիտանացի բարձրաստիճան քաղաքական գործիչներ և նախկին վարչապետներ. պատարագին կմասնակցի մոտ 2 հազար մարդ: Հուղարկավորության թափորը Լոնդոնից կմեկնի Վինձորյան պալատ։