Երկուշաբթի Երևանում աշխատանքն է սկսել ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է համաժողովի մասնակիցներին:
«Հարգելի՛ բարեկամներ,
Ողջունում եմ ձեզ հերթական` իններորդ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացման կապակցությամբ:
Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Կարևոր է, որ անցած ժամանակաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի կողմից կուտակվել է ամենատարբեր ուղղություններով կառուցողական համագործակցության մեծ փորձ, իսկ երկկողմ կապերը հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի:
Ավանդաբար հայ-ռուսական հարաբերությունների էական բաղադրիչն է հանդիսանում միջտարածաշրջանային համագործակցությունը։ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտները և Հայաստանի մարզերը ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում, հաջողությամբ իրականացնում են համատեղ խոշոր նախագծեր և նախաձեռնություններ։
Ձեր hամաժողովի օրակարգը, ինչպես միշտ, շատ հագեցած է: Նախատեսվում է պետական իշխանության մարմինների, գործարար, ակադեմիական և փորձագիտական շրջանակների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև մտքերի փոխանակում արդիական, էական հարցերի շուրջ, համագործակցության նոր ծրագրերի նախանշում, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, զբոսաշրջություն և թվային տեխնոլոգիաների ոլորտներում:
Համոզված եմ, որ ձեր գաղափարներն ու առաջարկները գործնականում պահանջված կլինեն և կնպաստեն հայ-ռուսական գործընկերության հետագա ամրապնդմանը, եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը:
Մաղթում եմ ձեզ բեղմնավոր քննարկումներ և ամենայն բարիք»,- ասված է Պուտինի ուղերձում: