Հասկանում ենք, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի՝ անվտանգային այդ կազմակերպության մաս է ՌԴ-հետ, սակայն, այն, ինչ մենք ասում ենք, հետևյալն է՝ Հայաստանի անվտանգության հարցերով մենք մտահոգ ենք և ցանկանում ենք հնարավորինս աջակից լինել Հայաստանին այդ հարցում: Այս մասին հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին էլ իր հերթին ընդգծեց՝ ժողովրդավար աշխարհում անչափ կարևորում են Հայաստանի ժողովրդավարությունը։
«Եվ, ինչպես պարոն Փալոնը նշեց, մենք որևէ ասելիք չունենք Հայաստանի՝ այլ կառույցներում շփումների մասին, սակայն Հայաստանի ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը մեզ համար կարևոր հարցեր են և ցանկանում ենք այդ ուղղությամբ մեր գործուն աջակցությունն ունենալ։ Որոշումը Հայաստանն է կայացնում անշուշտ, մենք մեր պատրաստակամության մասին կարող ենք խոսել»,- հայտարարեց Նենսի Փելոսին։