ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ընդունել է Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահ, Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսին: Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում։
«Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պաշտոնյային ստեղծված բարդ իրավիճակում Հայաստան այցելելու ու հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար:
Թիերի Կովաքսն իր հերթին վերահաստատել է, որ Հայաստանի կողքին են և դատապարտում են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակում Հայաստանի Հանրապետության և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի տարածքային միավորների միջև ձևավորված բարեկամական սերտ կապերը, ինչպես նաև ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը, որի ցայտուն օրինակներից է Գորիս-Վիենն բազմաոլորտ փոխգործակցությունը:
Ընդգծելով երկու երկրների միջև ապակենտրոնացված փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունն ու փոխադարձ ցանկությունը` զրուցակիցները քննարկել են Հայաստանի տարածքային միավորների և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցերը:
Ֆրանսիական կողմը վերահաստատել է Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի մտադրությունը՝ զարգացնելու Սյունիքի մարզի հետ գործակցություն՝ փոխանցելով շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի ուղերձը, որ վերջինս պատրաստ է անձամբ այցելել Հայաստան ու Սյունիքի մարզում ստորագրել երկու տարածքային միավորների միջև համագործակցության հուշագիր։
Կողմերը պայմանավորվել են շարունակել հետևողական ու պարբերական աշխատանքները՝ Սյունիքի մարզի ու Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև առաջիկայում ստորագրվելիք համագործակցության հուշագրի տեքստում հնարավոր ոլորտները նախանշելու ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։