Քաղաքապետարանից հայտնում են՝ վաղը շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի-Հրաչյա Աճառյան փողոց կամուրջը, նաև հիշեցնում, որ այս կապուղու դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով կամուրջը փակվել էր դեռևս օգոստոսի 10-ից:
Աշխատանքների ընթացքում ի հայտ եկան մի շարք հավելյալ խնդիրներ, որոնց հայտնաբերումը մինչշինարարական ժամանակահատվածում հնարավոր չէր:
Երևանի քաղաքապետարանը որոշեց գնալ խնդիրների հիմնավոր լուծման ճանապարհով, ինչի արդյունքում, սակայն, շինարարական աշխատանքները փոքր-ինչ ձգձգվեցին:
Պատճառված անհարմարությունների համար հայցելով Երևանի բնակիչների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը՝ քաղաքապետարանից հայտնում են, որ արդեն հիմնանորոգված կամրջով սեպտեմբերի 18-ից երթևեկության բոլոր սահմանափակումները կհանվեն, ինչը էապես կթեթևացնի դեպի Աճառյան փողոց շարժվող տրանսպորտային հոսքը: