ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը, կարևորվել է տարածաշրջանում կայուն խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի ակտիվացումը:
Միշելի և Ալիևի հեռախոսազրույցի առանցքում եղել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը: Ընդգծվել է հրադադարի պահպանման և տարածաշրջանում լարվածության նվազեցման անհրաժեշտությունը:
ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇԵՆ ԻՐԵՆՑ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ. ՌԱՅԻՍԻ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սամարղանդում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին, ընդգծել՝ երկրներն ինքնուրույն պետք է որոշեն իրենց ճակատագիրը:
«Հարկավոր է հարգել երկրների տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության, պատմական և միջազգային սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է»,- ընդգծել է Ռայիսին։
Պետական սահմանների անքակտելիությունը կարևորել է նաև Ադրբեջանում Իրանի դեսպանը:
Սեյեդ Աբբաս Մուսավին Twitter-ի միկրոբլոգում, ընդգծել է՝ «Տարածաշրջանային և միջազգային հակամարտություններում տարաձայնությունները հարկավոր է լուծել՝ հիմնվելով խելամտության, նպատակահարմարության, արդարության և միջազգային իրավունքի վրա։ Հյուսիսային հարևանների հարցում Թեհրանի սկզբունքային դիրքորոշումն արդեն 30 տարի է՝ հայտնի է՝ սահմանային, աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է»։
ՀԱՊԿ-Ը ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև ռազմական բախումները դադարեցնելու շուրջ բանակցությունները և կոչ անում կազմակերպության անդամներին հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով՝ հայտնել են կազմակերպության քարտուղարության մամուլի ծառայությունից:
ՀԱՊԿ-ում վստահություն են հայտնել, որ հնարավոր է գտնել փոխընդունելի լուծումներ՝ սահմանային խնդիրները կարգավորելու համար:
«Ուժի կիրառումն անընդունելի է: ՀԱՊԿ քարտուղարությունում ուշադիր հետևում են իրավիճակին և հույս ունեն, որ հրադադարը կլինի երկարատև և կայուն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը տեղեկացնում են, որ բանակցությունների արդյունքում իրավիճակը սահմանին կարգավորվել է: Ղրղզստանի նախագահը հայտարարել է՝ չեն զիջի ոչ մի թիզ հող: Սադիր Ժապարովի խոսքով՝ ղրղզա-տաջիկական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցն օրակարգում է:
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Հունաստանի արտաքին գործերի նախարարը ողջունել է Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոն ամբողջությամբ չեղարկելու՝ Վաշինգտոնի որոշումը։
«Հունաստանը Կիպրոսի և Միացյալ Նահանգների հետ կշարունակի աշխատել Միջերկրական ծովի արևելյան հատվածում անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա»,- շեշետել է Նիկոս Դենդիասը:
Անկարան նույնպես արձագանքել է, դատապարտել Կիպրոսի դեմ զենքի էմբարգոն չեղարկելու մասին Վաշինգտոնի որոշումը։
«ԱՄՆ վարչակազմի գործողությունները չեն նպաստում Կիպրոսի հարցի կարգավորմանը: Կղզում սպառազինությունների մրցավազք կսկսվի»,- ասված է հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Անկարան Վաշինգտոնին կոչ է արել վերանայել իր որոշումները։
ՎԵՐՍԱԼԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԼՈՒՎՐԻ ԼՈՒՅՍԵՐՆ ԱՎԵԼԻ ՎԱՂ ԿԱՆՋԱՏՎԵՆ
Ձմռանն ընդառաջ էլեկտրաէներգիան խնայելու՝ Ֆրանսիայի կառավարության միջոցառումների շրջանակում Վերսալի պալատի և Լուվրի երեկոյան լույսերն այսուհետ ավելի շուտ կանջատվեն՝ հայտարարել է երկրի մշակույթի նախարարը:
Ռիմա Աբդուլ-Մալակի խոսքով՝ դա խորհրդանշական քայլ է և օրինակ կծառայի բնակչության համար։ Նա հավելել է, որ էլեկտրաէներգիան խնայելու ուղղությամբ աշխատանքներ են տարվելու Ֆրանսիայի մշակութային բոլոր կենտրոններում, ներդրվելու են ջեռուցման ժամանակակից համակարգեր: