Վերջին վերազինումից և արդիականացումից հետո ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգվել է: Արտոնագիրը մինչև 2026 թվականն է, այս պահին աշխատանքներ են տարվում կայանի կյանքը ևս 10 տարով՝ մինչև 2036 թվականը երկարացնելու համար:
Էդուարդ Մարտիրոսյան (ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն) - Բացի ռեակտորից՝ մնացածը գրեթե նոր են, իսկ ռեակտորի ռեսուրսը ռուսական ընկերությունների ջերմամշակումից հետո, նշվել է՝ մինչև 2039 թվականը: Այսինքն՝ մինչև այդ թիվը կարող ենք շահագործել էներգետիկ ռեակտոր արտադրող աղբյուրը:
ԱԷԿ-ի կառավարման կենտրոնական վահանակն է. կայանի տեխնոլոգիական գործընթացներն այստեղից են ղեկավարվում: Անսարքություններին արձագանքում են արագ՝ չխախտելով ներքին կանոնակարգը: Անվտանգության բարձր մակարդակ ապահովելու համար ներդրումները պետք է շարունակական լինեն՝ ասում են էներգետիկները: Դա կնպաստի նաև կայանի անխափան աշխատանքին: Մեծամորի ատոմակայանը, ասում են, վերազինումից հետո ամենաանվտանգներից է:
Տիգրան Մուրադյան (ՀԱԷԿ ՓԲԸ հերթափոխի պետ) - Վերջին տարիներին՝ արդիականացումից հետո, դառել է էլ ավելի անվտանգ, բայց պրոցեսն անընդհատ է, որովհետև պահանջները սարքավորումների շահագործման ժամկետները ավելանում են: Մենք աշխատում ենք նորմատիվ փաստաթղթերի սահմաններում և խախտում չունենք:
Էներգիայի արտադրության երկրորդ շղթան՝ տուրբինային արտադրամասը, գրեթե ամբողջությամբ նորացվել է. տուրբո ագրեգատներից ու գեներատորներից մինչև չափիչ սարքեր, արդիականացվել են: Վերազինումից պարզ է դարձել, որ տեխնիկապես հնարավոր է եղել թարմացնել ատոմակայանի շնչառությունը:
- Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից հզորության բարձրացման թույլտվություն է տվել, և ջերմային հզորության բարձրացման արդյունքում կարողացել ենք լրացուցիչ էլէներգիա արտադրել՝ նախատեսվածից շատ:
2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները ֆինանսավորել է Կառավարությունը՝ 63 միլիարդ 200 մլն դրամի բյուջետային վարկով:
Էդուարդ Մարտիրոսյան - Եթե խոսում ենք անվտանգության մասին, խոսում ենք թե՛ միջուկային անվտանգության, թե՛ էներգետիկ համակարգի մասին: Աշխատանքներ ենք տանում նաև հովացման աշտարակների վրա, որ կարծես միջուկային անվտանգության հետ կապ չունի, բայց էներգետիկ համակարգի անվտանգությունն է:
Առաջիկայում կկառուցվի նաև բաշխիչ նոր ենթակայան, իսկ անվտանգային համակարգն է՛լ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար նոր դիզելային գեներատորային կայան կհիմնեն: Միջուկային ռեակտորի ջերմային մշակումը ևս արդիականացման փուլում է:
Արթուր Գրիգորյան (ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր ճարտարագետ) - Դա մի պրոցես է, որը վերականգնում է մետաղի հատկությունները, կատարեցինք ըստ տեխնոլոգիայի:
Օրակարգային է մնում նոր ատոմակայան կառուցելու հարցը, որովհետև ԱԷԿ-ը ոչ միայն ամենաէժան հոսանք արտադրող կայանն է, այլև մեծացնում է Հայաստանի դերը տարածաշրջանում: