Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ:
Քրիստիննե Գրիգորյանը զեկույցում փաստագրել է տեղահանված անձանց, շտապօգնության մեքենաների ու լրագրողների թիրախավորման, երեխայի ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների ապացույցները, ներկայացրել քաղաքացիական անձանց ու կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, անձանց հասցված գույքային ու շրջակա միջավայրին հասցված վնասների փաստերը։
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել ու վերլուծել է նաև Ադրբեջանի զինուժի կատարած պատերազմական հանցագործությունները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան - Հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների կտտանքների փաստերը վերլուծված են զեկույցի ոչ հրապարկման ենթակա հատվածում և պատշաճ կարգով ներկայացվել են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին։
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել մամուլի միջոցներով և սոցիալական ցանցերով չտարածել զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը, որը ծայրահեղ ցինիզմով արել է ծանր հանցանքը կատարած ադրբեջանցի զինծառայողը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան - Այդ տեսանյութը, զինծառայողի սեռն ու էթնիկ պատկանելիությունը թիրախավորելով ու արատավորելով, ակտիվ տարածվում է ադրբեջանական մեդիա տիրույթներում՝ առաջացնելով ադրբեջանցի օգտատերերի «հիացմունքն ու գովեստը»։ Ադրբեջանական մեդիա տիրույթի դեպքում սա, իհարկե, ունի իր ակնհայտ բացատրությունը՝ էթնիկ հայի նկատմամբ ծայրահեղ ատելությունը, որը գեներացվել ու սնուցվում է ի թիվս այլնի նման ագրեսիվ հարձակումներով ու տասնամյակների համակարգային քաղաքականությամբ»։
Քրիստիննե Գրիգորյանը ծայրահեղ մտահոգիչ է որակել հայկական մեդիատիրույթում ու սոցիալական ցանցերում այդ տեսանյութի տարածումը լրագրողների ու օգտատերերի կողմից, հիշեցրել՝ կին զինծառայողն ու նրա ընտանիքի անդամներն ունեն չթիրախավորման ու անօտարելի արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք:
Մարդու իրավունքների պաշտպան - Այս արարքները փաստագրված ու վերլուծված են մեր կողմից, ներկայացվում են միջազգային մասնագիտացված կազմակերպություններին, բացի այդ, նշված նյութերը նաև մեր իրավապահ մարմինների քննության առարկան են։ Կոչ եմ անում լրագրողներին, տարբեր սոցիալական ցանցերի օգտատերերին հեռացնել իրենց հրապարակումներից, էջերից, հարթակներից համանման տեսանյութերը։ Հարգե՛ք մեր զոհված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների արժանապատվությունը։ Մի՛ օգնեք ադրբեջանական ատելության քարոզչամեքենային։
ԽԱԽՏՎԵԼ ԵՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ. ՄԻՊ
Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ադրբեջանական զինուժը չտարբերակված թիրախավորմամբ զուգորդված ռազմական գործողություններով խախտել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի, անվտանգության և առողջության իրավունքը՝ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել է ՄԻՊ գրասենյակը:
Մարդու իրավունքների պաշտպան - Պաշտպանի աշխատակազմի հավաքագրած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի՝ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական գործողություններից տուժած բնակավայրերից տեղահանվել է հաշմանդամություն ունեցող առնվազն 99 անձ:
Ադրբեջանական զինուժի չտարբերակված թիրախավորման և տարբեր զինատեսակների կիրառման ինտենսիվությամբ պայմանավորված՝ որոշ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, առողջական խնդիրներ ունեցող տարեցները, ինչպես նաև նրանց խնամող անձինք գործնականում զրկվել են տեղահանման հնարավորությունից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է:
Պաշտպանի արձանագրմամբ՝ Ադրբեջանի զինուժի կողմից Վարդենիսի թիրախավորումն ուղղակիորեն վտանգել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում բնակվող շուրջ 450 անձանց իրավունքները, որոնք սահմանված են Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաներով, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և միջազգային այլ իրավական ակտերով:
Մարդու իրավունքների պաշտպանը հավաքագրված տեղեկությունները և դիտարկումները ներկայացրել է միջազգային կառույցներին:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան