ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ. ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Իլհամ Ալիևը նրան տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանին, իր բնորոշմամբ, «ռազմական գործողության» մասին:
«Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, իմաստ չկա քննարկել այն հիմա»,- ասել է Էրդողանը:
Նա Հայաստանին կրկին կոչ է արել գործել նախկինում ստանձնած պարտավորություններին համապատասխան և կենտրոնանալ խաղաղության և համագործակցության վրա։
«Ցանկանում ենք, որ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացները հաջողությամբ ավարտվեն, և տարածաշրջանում հաստատվեն երկարաժամկետ խաղաղություն և կայունություն»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը։
ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇԵՆ ԻՐԵՆՑ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ. ՌԱՅԻՍԻ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սամարղանդում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին, ընդգծել՝ երկրներն ինքնուրույն պետք է որոշեն իրենց ճակատագիրը:
«Հարկավոր է հարգել երկրների տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության, պատմական և միջազգային սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է», - ընդգծել է Ռայիսին։
Պետական սահմանների անքակտելիությունը կարևորել է նաև Ադրբեջանում Իրանի դեսպանը:
Սեյեդ Աբբաս Մուսավին Twitter-ի միկրոբլոգում ընդգծել է.
«Հակամարտություններում տարաձայնությունները հարկավոր է լուծել՝ հիմնվելով խելամտության, նպատակահարմարության, արդարության և միջազգային իրավունքի վրա: Հյուսիսային հարևանների հարցում Թեհրանի սկզբունքային դիրքորոշումն արդեն 30 տարի է՝ հայտնի է. սահմանային, աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է»։
ՀՀ-ՈՒՄ ՀԱՊԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՕԲՅԵԿՏԻՎ ԼԻՆԵԼ. ՍԻԴՈՐՈՎ
Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը փորձում է հնարավորինս օբյեկտիվ լինել, եզրակացությունների մասին դեռ վաղ է խոսել, հայտարարել է առաքելության ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
«Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի սահմաններին զարգացումները ՀԱՊԿ-ի համար տհաճ իրավիճակ են ստեղծել: Սակայն կազմակերպությունը դեռ «սուրը պատյանից չի հանում», այլ առաջնահերթությունը տալիս է լարվածությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելուն: Կարծում եմ՝ այս ուղղությամբ աշխատանքները մեծ հեռանկարներ ունեն»,- ընդգծել է նա։
Սիդորովի խոսքով՝ ՀԱՊԿ պատվիրակությունն այցելել է հայկական տարածքներ, որտեղ բախումներ են տեղի ունեցել, բնակավայրեր, դիրքեր, որոնք թիրախավորել է ադրբեջանական կողմը: Նա տեղեկացրել է, որ հավաքագրված փաստերը կներառվեն եզրափակիչ զեկույցում:
ՀԱՊԿ-Ը ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՊԿ-ը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև ռազմական բախումները դադարեցնելու շուրջ բանակցությունները և կոչ անում կազմակերպության անդամներին հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով:
«Ուժի կիրառումն անընդունելի է: ՀԱՊԿ-ը հուսով է, որ հրադադարը կլինի երկարատև և կայուն», - ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Չնայած հրադադարի շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությանը` կողմերը հաղորդում են կրակի դադարեցման ռեժիմի խախտման մասին:
Ղրղզստանի նախագահը հայտարարել է՝ չեն զիջի ոչ մի թիզ հող: Սադիր Ժապարովի խոսքով՝ ղրղզա-տաջիկական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցն օրակարգում է:
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Հունաստանի արտաքին գործերի նախարարը ողջունել է Կիպրոսի դեմ զենքի էմբարգոն ամբողջությամբ չեղարկելու՝ Վաշինգտոնի որոշումը։
«Հունաստանը Կիպրոսի և Միացյալ Նահանգների հետ կշարունակի աշխատել Միջերկրական ծովի արևելյան հատվածում անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ»,- շեշետել է Նիկոս Դենդիասը:
Անկարան դատապարտել է Վաշինգտոնի որոշումը։
«ԱՄՆ վարչակազմի գործողությունները չեն նպաստում Կիպրոսի հարցի կարգավորմանը: Կղզում սպառազինությունների մրցավազք կսկսվի»,- ասված է հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ։
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՓՈԽՎԻ
Ղազախստանի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը ենթադրում է նախագահի կառավարման յոթամյա ժամկետի սահմանում: Ընդ որում, նույն անձը չի կարող նախագահի պաշտոնում ընտրվել մեկ անգամից ավելի: Փոփոխությունների համաձայն նաև` մայրաքաղաքը Նուր Սուլթանից վերանվանվում է Աստանա:
ՊԱԿԻՍՏԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՎԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Պակիստանում աղետալի ջրհեղեղից հետո տասնյակ հազարավոր բնակիչներ վարակվել են ջրի միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդություններով՝ մալարիայով, դենգե տենդով և մաշկային մի շարք հիվանդություններով: Առավել խոցելի են կանայք ու երեխաները:
Իշխանությունները հայտնում են 1500-ից ավելի զոհի մասին, նրանց թվում՝ 536 երեխա և 308 կին: Հարյուրհազարավոր փախստականներ օթևանի, սննդի, խմելու ջրի և դեղորայքի սուր կարիք ունեն։