ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակ։ Այն նախատեսված է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիների կարիքները հավաքագրելու, հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքը արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Հարթակը հասանելի է նշված հղմամբ:
Քաղաքացին լրացնում է իր անձնական տվյալները, որից հետո նշում կարիքների մասին, օրինակ՝ սնունդ, հագուստ, դեղորայք, խնամքի ծառայություններ և այլն:
Լրացված հայտն ինքնաշխատ եղանակով տրամադրվում է մարզպետարաններին և ՏԻՄ-երին: Այդ մարմինները կարձագանքեն բացահայտված կարիքներին, հետո էլ համակարգում կարտացոլեն դրանց բավարարման կարգավիճակը․ օրինակ՝ նշելով՝ կարիքը բավարարված է, նման կարիք չի հայտնաբերվել և այլն։
Հարթակը հնարավորություն կտա նաև մասնավոր նախաձեռնություններին ու հասարակական կազմակերպություններին այս համակարգում մուտքագրել քաղաքացիների՝ իրենց հայտնաբերած կարիքները, որոնց նույն ընթացակարգով կարձագանքեն մարզպետարանները կամ ՏԻՄ-երը։
Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիա էր սկսել սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը: Թիրախավորվել էին նաև քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերջին տվյալներով՝ ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 մարդ:
Քաղաքացիական մեկ անձ զոհվել է, 7-ը՝ վիրավորում ստացել: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հեղինակ՝ Աննա Զախարյան