Տաջիկստանի հետ սահմանին բախումների հետևանքով վիրավորված Ղրղզստանի քաղաքացիների թիվը հատել է 100-ը՝ տեղեկացրել են երկրի առողջապահության նախարարությունից։ Սահմանային բախումների ֆոնին Ղրղզստանի Բատկենի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել:
Տաջիկստանը ղրղզական կողմին մեղադրել է քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու համար և հայտնել, որ Ղրղզստանը լրացուցիչ ուժեր է տեղակայում սահմանին: Տաջիկստանի սահմանապահների համոզմամբ՝ ղրղզական կողմն է վերսկսել է ռազմական գործողությունները՝ չնայած հրադադարի մասին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին։
Նախօրեին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում սահմանային իրավիճակը քննարկել են երկու երկրի ղեկավարները: Համաձայնություն է ձեռք բերվել՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողովի աշխատանքների արագացման մասին։ Նախագահները հանդես են եկել հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին։
Չնայած դրան՝ սեպտեմբերի 14-ին Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին վերսկսված զինված բախումները շարունակվել են նաև սեպտեմբերի 17-ի վաղ առավոտյան:
ՌԴ-Ն ՉԻ ՓՈԽՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ
Ռուսաստանը չի փոխում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության օրակարգը և առայժմ զուսպ է արձագանքում Կիևի հարձակումներին՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
Ռուսաստանի ղեկավարն առաջարկել է սպասել՝ հասկանալու՝ ինչպես կավարտվի ուկրաինական հակահարձակումը:
«Ռուսական զինուժը վերջերս մի քանի զգայուն հարված հասցրեց ուկրաինական կողմին: Համարենք՝ դրանք նախազգուշական հարվածներ էին։ Եթե իրավիճակը չփոխվի, պատասխանն ավելի լուրջ կլինի», - զգուշացրել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ չի կարդացել և ծանոթ չէ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասով Կիևի նախագծին։
ԿՐԵՄԼՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Ռուսաստանի հետ «վախից դրդված» խաղաղության համաձայնագրի կնքումը վատագույն սցենարը կլինի Կիևի համար՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի տարածքով ռուսական ամոնիակի արտահանման վերսկսումը հնարավոր է միայն եթե ուկրաինացի գերիներն ազատ արձակվեն։
Կրեմլն արձագանքել է Զելենսկու խոսքերին. «Այդ առաջարկը տեղին չէ. ինչպե՞ս կարելի է մարդկանց և ամոնիակը դնել նույն հարթության վրա», - հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ԻՐԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԻ ԵՆ ՄՏԵԼ. ՇԵՐՄԱՆ
Միջուկային գործարքի ամբողջական վերականգնման շուրջ Իրանի հետ բանակցությունները փակուղի են մտել՝ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը։
«Քննարկումների վերջին փուլում Թեհրանը Վաշինգտոնին կոշտ պատասխան տրվեց, ինչը մեզ համար անընդունելի է», - նշել է Վենդի Շերմանը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը, այնուհանդերձ, ջանքեր կգործադրի՝ վերականգնելու Իրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը և թույլ չտալու, որ Թեհրանը միջուկային զենք ստանա։
Նախօրեին Սամարղանդում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել էր, որ Թեհրանը տեղի չի տա Իսլամական Հանրապետությանն ահաբեկելու՝ Վաշինգտոնի փորձերին։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ը և Արևմտյան Եվրոպան լիովին չեն կատարում հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու հարցում իրենց պարտավորությունները:
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՓՈԽՎԻ
Ղազախստանի խորհրդարանի երկու պալատները միաձայն ընդունել են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը ենթադրում է նախագահի կառավարման յոթամյա ժամկետի սահմանում: Ընդ որում՝ նույն անձը չի կարող նախագահի պաշտոնում ընտրվել մեկ անգամից ավելի:
Փոփոխությունների համաձայն՝ մայրաքաղաքը Նուր Սուլթանից կվերանվանվի Աստանա: