Տաջիկստանի հետ սահմանին բախումների հետևանքով վիրավորված Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 103-ի՝ հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից։
Սահմանային բախումների ֆոնին Ղրղզստանի Բատկենի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել:
Տաջիկստանը ղրղզական կողմին մեղադրել է քաղաքացիական օբյեկտները ռազմական ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորելու համար: Տաջիկստանի սահմանապահների համոզմամբ՝ ղրղզական կողմը վերսկսել է ռազմական գործողությունները՝ չնայած հրադադարի մասին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին։
Նախօրեին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում սահմանային իրավիճակը քննարկել են երկու երկրի ղեկավարները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողովի աշխատանքների արագացման մասին։ Նրանք հանդես են եկել հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին։ Չնայած դրան՝ սեպտեմբերի 14-ին Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին վերսկսված զինված բախումները շարունակվել են նաև սեպտեմբերի 17-ի վաղ առավոտյան: