Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Իրանի առաջնորդ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները դրական զարգացում ունեն, այդ թվում` բարձր տեխնոլոգիական ոլորտներում: Պուտինը նշել է, որ բազմաթիվ միջազգային հարցերում Մոսկվայի ու Թեհրանի դիրքորոշումները նման են:
«Զարգանում են միջտարածաշրջանային կապերը: Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում, ընդ որում` բազմաթիվ կետերով մեր դիրքորոշումները մոտ են կամ, ինչպես դիվանագետներն են ասում՝ համընկնում են»,- հայտարարել է Պուտինը:
Կողմերն արձանագրել են, որ ավարտվում են մեծ պայմանագրի նախապատրաստման աշխատանքները, որը երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության նոր մակարդակ կտեղափոխի:
ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ Ռուսաստանն անում է հնարավորը, որպեսզի Իրանը դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ:
Իրանի նախագահը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին: Նա նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն ապակայունացնող և անընդունելի գործողություն է: