ԱՄՆ-Ը ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀՀ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի պահպանումը և կոչ անում չշարունակել ռազմական գործողությունները՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: Նեդ Փրայսը հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հորդորել կողմերին ներգրավվել խաղաղության գործընթացում։ Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը տարածաշրջանային այցից հետո Վիեննայում է՝ հանդիպելու ԵԱՀԿ համախոհ գործընկերների հետ։
Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Կոչ ենք անում դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումն ու լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր չկարգավորված հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով։ Ուժի կիրառումը երբեք չի կարող ընդունելի ճանապարհ լինել, և մենք ուրախ ենք, որ Հայաստանում և Ադրբեջանում բարձր մակարդակի շարունակական շփումները օգնեցին կողմերին հասնել հրադադարի։ Շարունակում ենք ներգրավված լինել և քաջալերել տևական խաղաղության համար անհրաժեշտ աշխատանքներին։ Կրկնեմ՝ ռազմական կարգավորում լինել չի կարող։
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Քարիմ Վելիևի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը՝ հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում ընդհանուր առմամբ տիրող ռազմաքաղաքական իրավիճակին: Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Իրանի առաջնորդ Էբրահիմ Ռայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին: Նա նշել է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն ապակայունացնող է և անընդունելի:
Ռայիսին և Պուտինը խոսել են նաև Ռուսաստանի և Իրանի հարաբերությունների մասին, ընդգծել՝ դրանք զարգանում են բոլոր ուղղություններով: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ բազմաթիվ հարցերում Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները համընկնում են:
ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ Ռուսաստանն անում է հնարավորը, որպեսզի Իրանը դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ:
ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթվա վերջին կայցելի Հայաստան՝ հաջակցություն Ադրբեջանի հետ մահացու կռվի մեջ գտնվող երկրին՝ հայտնում է POLITICO պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Խոսնակին կուղեկցի հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիերը։ Նախատեսվում է, որ Փելոսին Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ ներկայացուցիչների հետ։