Արմեն Փամբուխչյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար) - Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժել են՝ Վայոց ձորում հյուրանոցներ, առողջարան, Կեչուտի ջրամբարն է 2 արկ ընկել, ճոպանուղին, հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, մարդկանց օգտագործած մեքենաներ:
Արտակարգ իրավիճակների նախարարը Կառավարության նիստին է ներկայացրել վերջին օրերի հրետակոծությունների հետևանքները, փոխնախարարը՝ ասուլիսի ժամանակ: Գույքային լուրջ վնասներ են արձանագրված գնդակոծված երեք մարզում էլ։ Սահմանի այն կողմից արձակված արկերի պատճառով ինչպես տների, այնպես էլ ենթակառուցվածքների առումով ամենաշատը տուժել են Գեղարքունիքի բնակավայրերը։
Դավիթ Համբարյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ) - Այս պահին Գեղարքունիքում՝ Վերին Շորժա, Սոթք, Կութ, ունենք 195 վնասված շենք-շինություն՝ տուն, գյուղապետարանի շենքեր, բուժկետ, անասնագոմեր, ավտոլվացման կետ, ունենք ընդհանուր՝ 150 հա ցորենի արտ, խոտհարքի վնասում:
Հոսանքի մատակարարման ցանցեր են խափանվել թե՛ այս մարզում, թե՛ Սյունիքում։ Երկրի հարավում հրետակոծության հիմնական թիրախ դարձած Ակներ, Վերիշեն, Քարաշեն, Նորավան և Աղիտու գյուղերում նույնպես շենք-շինություններ են ավերվել, գազատար խողովակներ ու էներգետիկ գծեր շարքից դուրս դուրս եկել։ «Սյունիքի Ներքին Հանդի տարածքից հինգշաբթի դիեր բերելու գնացած ԱԻՆ աշխատակիցը արդյոք գերի՞ էր ընկել, երբ ծառայակիցների հետ չէր վերադարձել ու հնարավոր չէր լինում նրա հետ կապ հաստատել» լրագրողի հարցին փոխնախարար Համբարյանը կարճ պատասխանեց. «Կապը կտրվել է, բայց արձանագրենք, որ երեկվա դրությամբ գտնված է, և այսօր ինքը շարունակում է իր ծառայությունը»:
ԱԻՆ-ի անձնակազմից մարտական այս գործողությունների ընթացքում տուժած, բարեբախտաբար, չկա։ Արդեն մի քանի օր է՝ աշխատում են մոբիլիզացված, ուժեղացված ռեժիմով՝ ստիպված լինում մարել ադրբեջանական կրակահերթերից բռնկվող հրդեհները։ Ի դեպ՝ գնդակոծության թիրախ է դարձել նաև Ջերմուկի հրշեջ-փրկարարական ստորաբաժանման շենքը, 911-ի մեքենա է վնասվել։
Հրետակոծության հետևանքով որտեղ ինչ է այրվել-ջարդվել-քանդվել՝ լինի պետական, համայնքային գույք թե մարդկանց կամ բիզնեսի սեփականություն՝ ամբողջը հաշվառում են՝ վստահեցնում է նախարար Փամբուխչյանը։
Երևանից սահմանային բնակավայրեր են գործուղվել նաև ԱԻՆ-ի հոգեբանական ու բուժանձնակազմերը տեղում օգնություն ցույց տալու նպատակով։ Հրատապ խնդիրներին արձագանքելու համար շուրջօրյա ռեժիմով շարունակում են հասանելի մնալ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատորները։
Բոլորս պետք է հիշենք էդ համարը՝ 911 և անհրաժեշտության դեպքում առանց վարանելու զանգենք: