Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ներկայացրեց տեղեկություն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բնակավայրերի կրած վնասների մասին:
«Համատեղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ինչպես նաև ԱԻՆ փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացված զանգերով ունենք բավականին մեծ ցանկ: Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում վնասվել են մասնավորապես հյուրատներ, առողջարան, ջրամբար, ճոպանուղի, ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, նաև բնակիչների գույք:
Սյունիքի մարզում ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խնդիրներ: Ունենք նաև շտապօգնության մեքենաներ, որոնք ռմբակոծության հետևանքով վնասվել են կրկին Սյունիքի մարզում:
Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, ինչպես նաև հեկտարներով ցորենի, գարու արտեր:
Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել և մի շարք մասնավոր մեքենաներ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ բոլոր հասցված վնասները մանրամասն գույքագրվեն:
«Կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ տրամադրի՝ լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:
Հաջորդը՝ շատ կարևոր է իրավական առումով փաստագրել այս և այլ հանգամանքներ»,- ասաց Փաշինյանը: