ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հաստատել է Հայաստան կատարելիք այցի մասին լուրը՝ նշելով, որ տեղյակ չի եղել իր ուղևորության ծրագրերի հրապարակման մասին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես չգիտեի, որ իմ ճամփորդական ծրագրերն արդեն հրապարակված են: Վաղը ես կգնամ Հայաստան»,- ասել է Փելոսին՝ ուրբաթ Բեռլինում «Յոթնյակի երկրների» խորհրդարանների ղեկավարների ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ հայկական կողմից հրավերը վաղուց է ստացել։ Փելոսիի հետ ճանապարհորդելու է նաև Ներկայացուցիչների պալատի հայազգի անդամ, դեմոկրատ Ջեքի Սփիերը:
Ամերիկյան Politico թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Փելոսին առաջիկա շաբաթվա վերջին կայցելի Հայաստան՝ Երևանին աջակցություն ցույց տալու համար։ Ըստ հրապարակման՝ նա կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև հանրապետության այլ պաշտոնյաների հետ։