14 տարում Նախիջևանում հայկական մշակութային 127 ժառանգությունից ամբողջությամբ ավերվել են 108-ը՝ «Կովկասյան ժառանգության մոնիթորինգ» հարթակի վերջին մեկ տարում կատարած արբանյակային հետազոտության տվյալներն են: Զեկույցը ցույց է տալիս, թե ինչպես է 1990-ականների վերջից սկսած Ադրբեջանը Նախիջևանում ոչնչացրել հայկական վանքերը, եկեղեցիներն և գերեզմանները: Հետազոտական թիմը ղեկավարել են Լորի Խաչատուրյանը և Ադամ Սմիթը: Խումբը ուսումնասիրել է ԱՄՆ գաղտնազերծված արբանյակային պատկերները, խորհրդային տեղագրական քարտեզները, արխիվային լուսանկարները և գիտական հրապարակումները:
Թիմի անդամ Հուսիկ Ղուլյանի խոսքով՝ գրեթե ոչ ոք հասանելիություն չունի Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության օբյեկտներին:
Հուսիկ Ղուլյան («Կովկասյան ժառանգության մոնիթորինգի» հետազոտական խորհրդատու, հետազոտական թիմի անդամ) - Մենք ստեղծեցինք տվյալների բազա՝ հստակ կոորդինատներով և փորձեցինք, համեմատելով հին տիեզերական լուսանկարները ԱՄՆ-ի կողմից կատարված 80-70-ական թվականներին, համեմատել վերջին 20 տարվա ընթացքում գոյություն ունեցող արբանյակային լուսանկարների հետ և հասկանալ այդ օբյեկտների ճակատագիրը, ըստ էության:
Հայագետ Արգամ Այվազյանը նշում է, որ Ադրբեջանը վերջին 30-40 տարվա ընթացքում իր տարածքում ոչնչացնում կամ սեփականացնում է այլ ժողովուրդների մշակույթը՝ ստեղծելով սեփական պատմությունը:
Արգամ Այվազյան (հայագետ) - Բոլոր նկարները Նախիջևանի վերաբերյալ, հուշարձանի՝ իմ կատարած լուսանկարներն են, և հետագայում մի քանի տարվա ընթացքում այն լուսանկարները, որ այդ հուշարձանները հիմնովին ավերվել են, ոչ մի հատ կանգուն չկա: Եվ ավելին, արդեն վերջին 4-5 տարվա ընթացքում այդ հուշարձանների տեղերում կառուցվել են ադրբեջանական մզկիթներ:
Հայագետի խոսքով՝ եթե Նախիջևանում Ադրբեջանը մեծ ջանքեր էր գործադրում ժառանգության ջնջման քաղաքականությունը գաղտնի պահելու համար, ապա այսօր Արցախում հայկական մշակույթը ակնհայտ է ոչնչացվում: Ըստ հետազոտողների՝ դրա վառ օրինակն է 2022-ին Հադրութի շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու ավերումը։
«Կովկասյան ժառանգության մոնիթորինգ» հարթակի զեկույց - Հիմքեր կան վախենալու, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը սպառնում է նաև Լեռնային Ղարաբաղին։ «Կովկասյան ժառանգության մոնիթորինգ» հարթակը արդեն փաստագրել է հաստատված ավերածություններ և սպառնալիքի տակ գտնվող 17 օբյեկտ՝ 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում երկրորդ պատերազմը սկսվելուց հետո։
Հայաստանից և աշխարհի տարբեր երկրների գիտնականներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Նախիջևանի և Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում Արցախի հուշարձանների հանդեպ կատարվող վանդալիզմը դադարեցնելու համար, սակայն Ադրբեջանը սահմանափակում է կառույցի ներկայացուցիչների մուտքը այդ տարածքներ:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան