Կառավարությունն ընդունել է որոշում, որով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա ապահովելու պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը:
«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի, ինչպես նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի փոփոխություններով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահվել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը:
Պայմանագրի գնի որոշման համար հանձնաժողովը կուսակցություններից պահանջել և ստացել է աուդիտի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկությունները, որոնք տրամադրվել են աուդիտորական կազմակերպություններին՝ ներկայացնելու գնառաջարկներ:
Սահմանված ժամկետում հանձնաժողովը ստացել է գնային առաջարկներ 6 աուդիտորական կազմակերպություններից:
Հիմք ընդունելով սահմանված մեթոդաբանությունը՝ պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների աուդիտի պայմանագրի գները սահմանվել են հետևյալ կերպ. «Հայաստանի դեմոկրատական»՝ 1170000, «Վերածնվող Հայաստան»՝ 1194000, «Մեր տունը Հայաստանն է»՝ 1230000, «Հայրենիք»՝ 1455000, «Ապրելու երկիր»՝ 1485000, «Հայաստանի Հանրապետական»՝ 3120000, «Հայ յեղափոխական դաշնակցություն»՝ 2320000, «Բարգավաճ Հայաստան»՝ 960000, «Հանրապետություն»՝ 810000, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4800000, «Լուսավոր Հայաստան»՝ 840000 դրամ: